Դոյդոյանի ղեկավարած գործակալությունը տեսահսկման սարքերի դեմ կպայքարի ոչ թե մահակով, այլ փափուկ կանոններով
Տեսահսկվող սարքերով նկարահանումները 90 տոկոս դեպքերում իրականացվում է առանց իրավական կարգավորումների, առանց անձնական տվյալների պաշտպանության հիմնական կանոնների: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:
Նրա խոսքով, միակ ոլորտը, որտեղ կարգավորում կա, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար իրականացվող տեսահսկումն է:
Գործակալությունը, Դոյդոյանի խոսքով, դաշտում կարգավորումներ չի իրականացնելու մահակով՝ վարչական վարույթ հարուցելով, այլ իրազեկելով, մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնելով:
«Մշակելով փափուկ իրավունքը, որը կոչվում է նաև «սոֆթ լոու», փորձելու ենք խաղի փափուկ կանոններ սահմանելու միջոցով կարգավորել պրակտիկան: Բոլորովին վերջերս մենք ընդունեցինք տեսահսկման ուղեցույց, որտեղ հանգամանալից ներկայացվում են տեսահսկման կանոնները, տեսահսկում իրականացնողների և տեսահսկվողների իրավունքները», -ներկայացրեց Դոյդոյանը:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ հրապարակված ուղեցույցը ընդամենը իրազեկում է և իրավական որևէ պարտադրանք դրանով չի նախատեսվում:
Գործակալության պետը ներկայացրեց, որ եթե գործատուն շենքում իրականացնում է տեսահսկում բացառապես անվտանգության նպատակով և այդ մասին տեղյակ պահել աշխատողներին, ապա հետո չի կարող փոխել նպատակը և տեսահսկման սարքով ձեռք բերված ձայնագրությունը օգտագործել աշխատողի դեմ՝ հայտարարելով, թե օրինակ, նա ուշացել է աշխատանքից ու տույժ կիրառել աշխատողի նկատմամբ:
Մեկ այլ իրավունք էլ ներկայացրեց Դոյդոյանը. անձը պարտավոր է տեղյակ լինել, որ տարածքը տեսահսկվում է, և բացի այդ, կարող է դիմում ներկայացնել ու տեսահսկում իրականացնող սուբյեկտից պահանջել ձայնագրությունը, որի վրա կան դիմողի տվյալները: Եթե մերժում ստանա, ապա կարող է դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը, որտեղ խախտում հայտնաբերելու դեպքում նրա նկատմամբ վարչական վարույթ կիրականացվի:
«Երբ զանգվածաբար մարդիկ սկսեն դիմել ու պահանջել, և մյուս կողմը այլևս չկարողանա կատարել, ինքն արդեն կսկսի մտածել՝ պե՞տք է որ այս տեսախցիկը տեղադրել եմ, այն էլ մի քանի տեղից նկարահանում եմ շենքը», -նշեց Դոյդոյանը:
Նա ներկայացրեց նաև տարբեր ընկերությունների կողմից քաղաքացիներին ուղարկվող անցանկալի հաղորդագրությունների «դեմ պայքարի» արդյունքների մասին:
«Այս հարցը տարվա ընթացքում բազմիցս քննարկվեց և գովազդային հաղորդագրություն ուղարկող ընկերությունների հետ, և բջջային օպերատորների հետ: Արդյունքում ընդունվեց որոշում՝ ոլորտը կարգավորելու մասին և դա փափուկ ներխուժում չէ, ինչպես տեսահսկման սարքերի դեպքում է: Այդ պատճառով էլ մշակվել է օրենսդրական փոփոխություն, որով կպահանջվի միայն քաղաքացիների համաձայնությունը հաղորդագրություններ ուղարկելու համար», -ներկայացրեց Շուշան Դոյդոյանը:
Օրենսդրական փոփոխությունը կկատարվի Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում: Նույն փոփոխությամբ, ըստ Դոյդոյանի, քաղաքացին եթե փոշմանել է և ցանկանում է ստանալ հաղորդագրություններ, ապա կարող է դիմել բջջային օպերատորին և վերականգնել համաձայնությունը: