Կրթություն, գիտություն 14:53 19/10/2016 Հայաստան

ՏՏ ոլորտը համալրվում է տաղանդաշատ պատանիներով. Հովիկ Մուսայելյան

ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգևների մրցանակաբաշխության հիմնական առաքելությունն է բացահայտել և խրախուսել տեխնիկական ուղղվածությամբ համալսարանների և դպրոցների տաղանդաշատ պատանիներին՝  ուղղորդելով նրանց ինչպես տեխնոլոգիական ձեռներեցության, այնպես էլ տեխնիկական գիտակրթական ուղղվածության ոլորտներ: Այս մասին ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը` ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությանը:

Նրա խոսքերով՝ 2005 թվականից առ այսօր այս հեղինակավոր մրցանակաբաշխությանը  մասնակցել են հազարավոր շնորհաշատ պատանիներ: Ընդհանուր առմամբ՝ այս տարիների ընթացքում  273 ուսանող և 136 աշակերտ հաղթել են մրցանակաբաշխությունում:

Հովիկ Մուսայելյանը նշեց, որ հանձնաժողովի անդամներն ունեն բացառիկ հնարավորություն հարցազրույցների ժամանակ բացահայտել այն միտումները, զարգացումները, որոնք առկա են տեխնիկական ուղղվածություն ունեցող համալսարաններում ու դպրոցներում: «Շատ դեպքերում այդ հարցազրույցների արդյունքները մեզ գոհացնում,  ուրախացնում, ոգևորում են, և մենք համոզված ենք, որ այս մրցանակաբաշխության հաղթողները ևս կհամալրեն այն տաղանդաշատ պատանիների, երիտասարդների շարքերը, որոնցով մենք միշտ հպարտանում ենք»,- ասաց Հովիկ Մուսայելյանը:

Ըստ նրա՝  թեև բազմիցս ասել է, որ մեր աշակերտները տարբեր միջազգային օլիմպիադաներում մեդալներ են բերել, սակայն նրանցից շատերը, մասնագիտություն ընտրելիս, գնում են ոչ բնագիտական հոսքերով, և այս հանգամանքը բոլորին մտահոգում է: Դա էր պատճառը, ըստ Հովիկ Մուսայելյանի, որ նախորդ տարի Վիվա- Սելլ ՄՏՍ, Սինոփսիս և Յունիքոմփ ընկերությունները ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացնում են  պիլոտային ծրագիր, որի համաձայն՝   2015թ-ի սեպտեմբերի 1-ից 5 ավագ դպրոցներում միկրոէլեկտրոնիկան, ՏՏ-ը և հաղորդակցությունը դարձել են պարտադիր առարկաներ:

«Մենք հպարտ ենք, որ աշխարհում առաջին անգամ Հայաստանում է նման ծրագիր իրականացվում: Միջազգային շատ փորձագետներ նշում են, որ տարիներ շարունակ բազմաթիվ երկրներում  քննարկում են նմանատիպ ծրագիր իրականացնել, բայց  առաջին քայլը կատարվեց Հայաստանում»,- ընդգծեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը՝ հավելելով, որ այս  տարի ծրագրին միացել է ևս 5 դպրոց:

Նախատեսվում է, որ մինչև 2025թ-ը հանրապետության բոլոր ավագ դպրոցներում  պարտադիր կդասավանդեն այդ առարկաները: «Արդյունքում՝ ԲՈՒՀ-երի ՏՀՏ ֆակուլտետները կհամալրվեն որակյալ և համապատասխան գիտելիքներ ունեցող բազմաթիվ պատանիներով: Բացի այդ, մենք այս քայլով կկարողանանք ապահովել ազգային կոորպորացիների մուտքը Հայաստան, և կարողանանք ուղղորդել լավագույն ուսանողներին դեպի տեխնոլոգիական ձեռներեցություն»,- ասաց Հովիկ Մուսայելյանը՝ հավելելով, որ ձեռներեցության դասավանդումը պետք է սկսվի տարրական դասարաններից, և երեխաների համար գումար աշխատելը ոչ թե պետք է դիտարկվի որպես նպատակ, այլ որպես՝ միջոց: 

Ի դեպ, Հովիկ Մուսայելյանը տեղեկացրեց, որ այս մրցանակաբաշխության արդյունքում ձևավորվել է ակումբ, որտեղ ընդգրկված են նախորդ տարիներին ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգևների արժանացած ուսանողները:

Նշենք, որ այս տարվա մրցանակաբաշխությանը մասնակցել է 138 ուսանող 5 առաջատար համալսարաններից, ինչպես նաև 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող 8 դպրոցներից: ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևին են արժանացել 28 ուսանող և 15 աշակերտ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}