Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի ֆուտբոլային «հետագիծը»
Նոյեմբերի 1-ից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է լեգենդար ֆուտբոլիստի անցած ճանապարհը:
Արթուր Պետրոսյանը ծնվել է 1971 թ. դեկտեմբերի 17-ին, Գյումրիում: Խաղային կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակ» հեղինակավոր ակումբում, որի կազմում հանդես է եկել 1989-1998 թթ.: Արթուր Պետրոսյանը 1998-1999 թթ. ֆուտբոլային կարիերան շարունակել է Իսրայելական «Մաքքաբիում»: 1999-2000 թթ. կրկին վերադարձել է հարազատ «Շիրակ»:
1999-ին հայ ճանաչված կիսապաշտպանը հանդես է եկել նաև Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվի» կազմում: 2000 թ. ֆուտբոլային առաջընթացը շարունակել է Շվեյցարիայում: 2000-2003 թթ. հանդես է եկել Շվեյցարական «Յանգ Բոյզում», 2003-2006 թթ.՝ «Ցյուրիխում»:
Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 1992 թ.: 1992-2005 թթ. ընտրանու կազմում անցկացրել է 70 հանդիպում, դարձել 11 գոլի հեղինակ: Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների երկրորդ լավագույն ռմբարկուն է:
Հայաստանի քառակի չեմպիոն է (1992, 1994, 1995, 1999), կրկնակի սուպերգավաթակիր (1996, 1999), Շվեյցարիայի գավաթակիր (2005), Շվեյցարիայի չեմպիոն (2005-2006): Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1996, 2000 թթ., Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1997 թ.:
Արթուր Պետրոսյանը սկսել է մարզչական գործունեությունը 2006 թ.՝ գլխավորելով «Ցյուրիխի» Մ-14, 15, 16, 18 թիմերը: 2011 թ. «Ցյուրիխի» Մ-18 հավաքականի հետ Արթուր Պետրոսյանը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն: 2014-2015 թթ. եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը: 2016 թ. ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում