Հնարավո՞ր է արժանապատիվ կյանք 30-40 հազար դրամ կենսաթոշակով
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը վերջին տարիներին անընդհատ աճել են, որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվել և հետագայում էլ չի կրճատվելու:
Նրա խոսքերով՝ վերջին տարիներին կենսաթոշակների բարձրացման արդյունքում ունեցել են լրացուցիչ բյուջետային ծախսերի ավելացում, սակայն որևէ ծրագիր չի կրճատվելու:
Հարցին, թե ինչպե՞ս պետք է թոշակառուները գոյատևեն 30-40 հազար դրամ կենսաթոշակով, Արտեմ Ասատրյանը նշեց, որ բնականաբար, դա բավարար չէ. «Այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում այն բյուջետային ծախսերը, որոնք իրականացվում են, հատկապես սոցիալական ոլորտի պաշտպանության ծրագրերը որևէ ձևով չեն կրճատվելու և իրականացվելու են: Եթե ունենանք ավելացնելու հնարավորություն, իհարկե, առաջին հերթին դրանք անապահով սոցիալական խավին կուղղվեն»:
Հարցին, թե այդ չափով թոշակով ու նպաստով հնարավո՞ր է արժանապատիվ կյանք ապահովել սոցիալապես խոցելի խմբերի համար, ինչի մասին հայտարարում է վարչապետը, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Վարչապետի ելույթն ամբողջական էր և ներկայացնում էր բոլոր գործողությունները՝ տնտեսության ակտիվացում, ներդրումների ավելացում, աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի ավելացում, քանի որ յուրաքաչյուր տոկոս տնտեսական աճը կոնկրետ ազդեցություն է ունենում աղքատության վրա: Այս առումով առաջնահերթությունը ներդրումների և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման պայմանների ստեղծումն է, որի դեպքում դրանք նաև անմիջականորեն անդրադառնալու են սոցիալապես այն շերտերի վրա, որոնք կարիք ունեն պետական սոցիալական ծրագրերի»:
Անդրադառնալով գազի և էլեկտրաէներգիայի գներին, Արտեմ Ասատրյանն ասաց, որ սոցիալապես անապահով շերտի համար գազի և էլեկտրաէներգիայի գնի հետ կապված ուսումնասիրությունները շարունակվում են, որպեսզի լինեն տարբերակված մոտեցումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին