ԸՕ փոփոխություններով մեր բերաններն են փակում. Իրավապաշտպան
Ազգային ժողովում այսօր ընդունված Ընտրական օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում կատարված փոփոխություններով ու լրացումներով փորձ է արվում լռեցնել մարդկանց, որպեսզի նրանք բողոքներ չներկայացնեն ընտրական խախտումների մասին.- այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
Արդյոք ընտրական գործընթացների նկատմամբ վստահություն նշանակում է բողոքների բացակայությո՞ւն։
«Տպավորություն է, որ սրանով իշխանությունները ակնկալում են, որ հաջորդ ընտրություններում բողոքները շատ ավելի քիչ կլինեն, որովհետև մարդիկ չեն բողոքի՝ վախենալով հետագայում քրեական պատասխանատվությունից։ Ի վերջո, արդյոք սա՞ է նշանակում ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացումը», -հայտարարեց Իշխանյանը։
Նշենք, որ ԸՕ-ի հետ միասին օրենսդրական փոփոխությունների փաթեթում ներկայացվել էր ու այսօր ԱԺ-ի կողմից ընդունվել է նաև ՀՀ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները։
Այսպես, ըստ այսօր ընդունված փոփոխությունների, եթե ընտրողների ցուցակների հրապարակումից հետո քաղաքացին կրկնակի կամ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքի մասին հայտարարություն է տալիս և ընտրական հանձնաժողովը 48 ժամվա ընթացքում ընտրակեղծարարությունը հերքող ապացույցներ չի ներկայացնում, ապա այդ հայտարարությունը հավաստիության կանխավարկածով համարվում է ճիշտ: Քանի որ ապացուցելու բեռը դրվում է ոչ թե դիմումատուի, այլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, կառավարությունն առաջարկում է ազատազրկման պատիժ սահմանել այն անձանց նկատմամբ, ում հայտարարությունները կհամարվեն ոչ ճիշտ: Եթե սուտ հայտարարությունը դիմումատուի կողմից արվել է դիտավորյալ, նախատեսվում է 2-5 տարի ազատազրկում, իսկ եթե քաղաքացին անզգուշությամբ է սուտ հայտարարություն ներկայացրել, նախատեսվում է դրամական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 800-ապատիկի չափով, կամ ազատազրկում մինչև 2 տարի:
Նկատենք՝ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումից բացի, նախագծով առաջարկվում է բոլոր 2 հազար ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ, ուղիղ հեռարձակել քվեարկության ամբողջ գործընթացը ու հաշվարկը: Ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը խորհրդարանական ընդդիմության գլխավոր պահանջն էր։
Իրավապաշտպանի դիրքորոշումը հստակ է. «Դրանով մեր բերաններն են փակելու»։
Իշխանյանն ասաց, որ գրեթե բոլոր համապետական ընտրություններում իրենք դիտորդական առաքելություն իրակաբացրել են, և դիտորդները ըստ տեղամասերի, արձանագրել են ընտրախախտումները։
Մինչդեռ նորամուծության կիրառման դեպքում, ըստ իրավապաշտպանի, հնարավոր չի լինի պահանջել դիտորդներից, որ նրանք հստակ ու համարձակ խոսեն կեղծիքի մասին, քանի որ չգիտես՝ ինչ կսպասվի նրանց։
«Սա շատ վտանգավոր միտում է, և ավելին ասեմ՝ ինձ հիշեցնում է սովետական տարիներին հակասովետական ագիտացիայի հոդվածը, որով մարդկանց էին նստեցնում։ Ի՞նչ է նշանակում կեղծիքի մասին ահազանգած մարդու նկատմամբ քրեական պատասխանատվություն սահմանել։ Սա քողարկված ահաբեկում է հատկապես դիտորդական խմբերի նկատմամբ», -հայտարարեց Իշխանյանը։
Նա վստահեցրեց, որ ընտրությունների ժամանակ ինքը հաշվի չի առնելու նման օրենքի գոյությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրական օրենսգիրքն ընդունվեց
- Ինչո՞ւ է պահանջվում պատասխանատվություն կեղծ հայտարարություն ներկայացնելիս. Դավիթ Հարությունյան
- ԸՕ շուրջ քաղաքական ուժերը եկել են կոմպրոմիսային լուծման. Դ.Հարությունյան
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը
- ԸՕ կոշտ գործիքների պատճառով զանգվածային դիմում-բողոքներ չեն ակնկալվում. Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին