Եթե կարմիր գծերի կոռուպցիոն գործարքը վերացնեք, կասենք՝ տղամարդ վարչապետ էր. Ռուբիկ Հակոբյան
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը արձագանքեց այն հայտարարություններին, թե նոր վարչապետը Հայաստանը Սինգապուր է դարձնելու։
«Ոչ, այդպես պետք չէ, Հայաստանում կարելի է օգտագործել սինգապուրյան գործիքակազմը, և երկիրը դարձնել նորմալ, արժանապատիվ, հարուստ Հայաստան», -հավելեց պատգամավորը։
Իսկ գործիքակազմը, որն օգտագործվել է Սինգապուրում, ըստ պատգամավորի հետևյալն է եղել՝ «իմունիտետ փողի ու քծնանքի նկատմամբ, գիծ քաշել երեկվա ու այսօրի միջև ու սկսել ապրել խաղի նոր կանոններով, որի առաջնային բնորոշիչը եղել է այն, որ օրենքի առջև բոլորը հավասար են»։
«Իշխանության ներսում բոլորը պայմանավորվեցին, որ չի կարող լինել բացառություն ու այդպես էլ եղավ», -հայտարարեց պատգամավորը ու կառավարության անդամներին հորդորեց կարդալ «Սինգապուրյան հրաշք» գիրքը, որը կարող է լինել ձեռնարկ առաջ շարժվելու համար։
Այդուհանդերձ անցնելով հայաստանյան իրականությանը պատգամավորը նկատեց, որ պետք է լինել կայացած ու «ազգային ամբիցիաներ» ունեցող մարդ, որ գա և հայտարարի, թե կարող է ամեն ինչ անել։
«Դուք այսօր մեծ ռեսուրս ունեք, որը հետևյալն է՝ ձեզանից սպասելիքներ կան։ Իսկ դա շատ կարևոր բան է։ Եթե դուք չարդարացնեք այդ սպասելիքները, հիասթափության մեծ դաշտ կբացվի», -դիմելով վարչապետին հայտարարեց պատգամավորը։
Այնուհետև վրդովված շարունակեց. «Այս ամբիոնից հայտարարում եմ՝ արագաչափերի ու կարմիր գծերի գործարքը բացահայտ կոռուպցիոն գործարք է, այս ամբիոնից ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ ու թող ինձ դատի տան։ Միանգամից կարող եք վերացնել։ Կավելանա այն մարդկանց թիվը, ովքեր կկանգնեն ձեր կողքին ու կասեն՝ տղամարդ վարչապետ էր եկել։ Պետք է օրենքի գերակայության առաջ բացարձակ որևէ բացառություն չլինի։ Մեկ-երկու բացառություն եղավ, դուք տապալված եք։ Եթե խաղի կանոնները չեք ճշտել, ճշտեք, բայց կարծում եմ, այդքան փորձ ունեք, որ ճշտած լինեք»։
Նաև ասաց, որ ինքը բավական փորձ ունի և երկու տողի համար չի բացականչի՝ «էվրիկա, տեսեք՝ ինչ լավ վարչապետ է եկել»։ Միաժամանակ նշեց, որ «ինչ-որ բան փոխվում է», ինչի մասին վկայում է մարդկանց շրջանում առկա հույսը։ Պատգամավորը բարի երթ մաղթեց նոր կառավարությանը և ասաց, որ կողմ է քվեարկելու կառավարության ներկայացրած ծրագրին։
Հարակից հրապարակումներ`
- Ճիշտն ասած՝ ես չեմ վախենում 80 տոկոս արտաքին պարտքից. վարչապետ
- «Ինչո՞ւ է «հանրային շահ» բառակապակցությունը կառավարության ծրագրից կորել». Թևան Պողոսյանը վարչապետին
- ՀՅԴ-ականները գանահատում են կառավարության ծրագիրը
- Երրորդ համաշխարհային պատերազմի պատճառը՝ ըստ Թուրքիայի փոխվարչապետի
- Ինչո՞ւ են ներդրումները ֆանտաստիկ ցածր. Հարց վարչապետին
- Քոքոբելյանի պահանջը կառավարության ծրագրից
- ՃՈ-ի ֆունկցիան չպետք է լինի շատ տուգանք հավաքելը, անբարենպաստ վայրերում կամերա դնելը. Վարչապետ
- Մենք գիտակցում ենք մեծ պատասխանատվությունը, որը դրվել է կառավարության վրա. Կարեն Կարապետյան
- Երկրից չեն գնում, եթե երկրում լավ ու արդար է ապրելը և վաղվա օրվա նկատմամբ հավատ ու հույս կա. Վարչապետ
- Վարչապետը քաղաքացիների՝ ԴԱՀԿ-ից դժգոհությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին