Նոր նամականիշ՝ նվիրված Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին
Այսօր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դրել 1 նամականիշ՝ նվիրված արևմտահայ գրող, բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական-մանկավարժական գործիչ, հայ առաջին վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին: Նա բողոքել է կանանց անազատ վիճակի դեմ, առաջ քաշել կրթության և աշխատանքի իրավունքի պահանջները։
«Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նամականիշն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք, տպվել է Ֆրանսիայում՝ Կարտոր տպարանում: Նամականիշի վրա պատկերված է Ս. Տյուսաբը՝ իր ստեղծագործության տողերի ներքո: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ՀՀ Սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում, լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մեկնարկին: Մարումն իրականացրել են ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի ու տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Թողարկման օրը՝ 20 հոկտեմբեր, 2016թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Անվանագինը՝ 230դր
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա
Չափսերը՝ 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 40.000