Կարեն Խաչանով. «Սկսել են ավելի շատ հարգել ինձ»
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, ով երկու շաբաթ առաջ նվաճել է իր առաջին մրցանակն ու ATP-ի վարկանշային սանդղակում բարձրացել 55-րդ հորիզոնական, Կրեմլի գավաթի խաղարկության առաջին իսկ շրջանում պարտվել է Բոսնիայից Դամիր Ջումհուրին։ 20-ամյա թենիսիստն իր պարտությունը բացատրել է սթրեսով, որը նա զգում է, երբ խաղում է տանը։
«Երրորդ սեթում հաշվի մեջ առջևում էի 2։0 հաշվով, սակայն ոտքերս ու աջ ձեռքի մատներս սկսեցին դողալ։ Փորձում էի խաղալ, բայց մրցակիցս զգաց դա և սկսեց օգտագործել։ Ռիսկի դիմեցի։ Էլ ի՞նչ էր մնում անել։ Այո, բոլորն էլ հոգնել են և ֆիզիկապես, և հոգեպես։ Եվ դա այսօրվա ցնցումների պատճառներից մեկն է։ Տանը խաղալը միշտ սթրես է, որն անհրաժեշտ է հաղթահարել։
Ես երբեք նման խնդիր չեմ ունեցել։ Կարծում եմ՝ «US Open»-ից հետո լավ մարզավիճակում էի։ Մրցաշարերին մասնակցել եմ պայքարի վճռականությամբ։ Լավ էի մարզվում, լավ խաղում, և ամեն ինչ լավ դասավորվեց։ Շատ թենիսիստներ, իհարկե, չէին սպասում, որ ես կհաղթեմ Չինաստանի մրցաշարում։ Սկսել են ավելի շատ հարգել ինձ և այլ կերպ տրամադրվել իմ դեմ խաղերին։ Հնարավոր է՝ ինձ ավելի լուրջ մրցակից են համարում։ Անձամբ ինձ մրցանակը, իհարկե, վստահություն հաղորդեց։
Հիմա ինձ լավ եմ զգում։ Պարզապես Մոսկվայում խաղալն է դժվար։ Դրան դեռ հարմարվել է պետք։ Պլանավորում եմ մասնակցել Վիեննայի որակավորման փուլին և Փարիզի «Մաստերսին»։ Այնուհետև, հավանաբար, կավարտեմ մրցաշրջանը։ Անհրաժեշտ է լավ հանգստանալ ու լավ նախապատրաստվել նոր մրցաշրջանին, ինչպես երկու տարի առաջ։ Հաջորդ մրցաշրջանում միանգամից կսկսեմ խաղալ ATP-ի մեծ մրցաշարերում, և դրան պետք է պատրաստ լինել»,- Խաչանովի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում