Հսկողական մեխանիզմներ կսահմանվեն Հայաստանում օտարերկրացի բուժաշխատողների գործունեության նկատմամբ
Գործադիրի այսօրվա որոշմամբ՝ սահմանվել է ՀՀ-ում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման կարգը:
Հիմնավորման համաձայն՝ ներկայումս օտար պետություններից ՀՀ են ժամանում օտարերկրացի բուժաշխատողներ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով, սակայն նրանց գործունեության նկատմամբ որևէ հսկողական մեխանիզմ սահմանված չէ: Որոշմամբ սահմանվում է օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման ընթացակարգը՝ թույլտվության տրամադրման ժամկետը, հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, հայտի մերժման հիմքերը:
Հայտին կցվող փաստաթղթերի ցանկում սահմանվում է նաև համապատասխան երկրում բժշկական գործունեության իրականացման իրավունքը հավաստող հավաստագիր ներկայացնելու պահանջը:
Նշված փաստաթուղթը հավաստում է, որ օտարերկրացի բուժաշխատողն իր երկրում ունի բժշկությամբ զբաղվելու իրավունք, և որ նրա՝ բժշկությամբ զբաղվելու իրավունքը կասեցված կամ արգելված չէ: Արդյունքում, հսկողական մեխանիզմներ կսահմանվեն ՀՀ-ում օտարերկրացի ավագ և միջին բուժաշխատողների գործունեության նկատմամբ և բացառել նրանց կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը: