Թատրոնն անցել է բարդ փոփոխությունների ճանապարհով, բայց միշտ վերադարձել է իր ակունքներին. Ռոբերտ Ստուրուա
Երևանում այսօր մեկնարկում է Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնը: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի «Հուլիոս Կեսար» ներկայացումով,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը:
«Շատ հետաքրքրիր ծրագիր ունենք: Փառատոնի ընթացքում հաճելի պահեր կպարգևենք մեր հանդիսականին»,- նշեց նա:
Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Կարո Բալյանի խոսքով՝ փառատոնի ընթացքում, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 26-ը, շատ հայտնի անուններ են հյուընկալելու, ունեն շուրջ 130 մասնակից և հյուր 15 երկրից՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Նիգերիայից, Ալժիրից, Մոնղոլիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից: Փառատոնի օրերին, նրա տեղեկացմամբ, լինելու են դրամատիկական, երաժշտական, մոնոներկայացումներ, ֆիզիկական շարժման ներկայացումներ: Երևանյան 9 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 15 ներկայացում:
Փառատոնի շրջանակում կներկայացվեն Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնի «Հուլիոս Կեսար», Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնի «Յագո կամ Տրակտատ թաշկինակի մասին», Վոլոդիմիր Զավալնյուկի «Պերետվորենիե» թատրոնի «Համլետ», «Մաստերսկայա» թատրոնի «Մի անգամ Էլսինորում. Համլետ», Ստանիսլավ Սոյկա և Կրակովի երգիչներ երաժշտական խմբի «Շեքսպիր Ակապելլա» ներկայացումները:
Ասուլիսին ներկա Թբիլիսիի Շոթա Ռուստավելիի անվան պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուան ասաց, որ «Հուլիոս Կեսար» բեմադրությունն արել է այնպես, ինչպես կարողացել է. «Չկան մերկ մարմիններ, սեռական ազատություն, այն ամենը, ինչը հիմա անհրաժեշտություն են համարում «նորմալ ներկայացման» համար: Չեմ սիրում շատ ուժեղ ավանգարդով զբաղվել»:
Նրա խոսքով՝ թատրոնում տարիների ընթացքում շատ փոփոխություններ են տեղի ունեցել և ունենում:
«Սիրում եմ այնպիսի բեմադրություններ անել, ինչպես իմացել եմ ողջ գործունեության ընթացքում: Թատրոնն անցել է բարդ փոփոխությունների ճանապարհով, բայց միշտ վերադարձել է իր ակունքներին: Երբեք դրանք չեն կարող փոխվել»,- ասաց Ռոբերտ Ստուրուան: