ՀՀ բնակչության ընդամենը 4 տոկոսն է ընդգրկված սեփական բիզնեսների մեջ. Լ. Զուրաբյան
«Մենք կարևորում ենք փոքր և միջին բիզնեսի զարգացումը: Հայաստանի բնակչության ընդամենը 4 տոկոսն է այսօր ընդգրկված սեփական բիզնեսների մեջ, ինչը ցածր ցուցանիշ է»,- «Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմի» և Ֆ․ Նաումանի «Հանուն Ազատության» հիմնադրամի հրավիրած Ազատ շուկայական տնտեսություն․ Հայաստանի ապագայի տեսլականը» թեմայով խորհրդաժողովին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա, ՀԱԿ նպատակներից մեկը Հայաստանում ժողովրդական կապիտալիզի զարգացումն է, որպեսզի բնակչության շատ զանգված մտնի ձեռնարկատիրական գործունեության մեջ:
«Վստահ ենք, որ ազատականացման միջոցով հնարավոր է հասնել այդ նպատակներին»,- ընդգծեց Լ. Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում մենաշնորհներ են ոչ միայն քաղաքականության և տնտեսության մեջ, նաև քաղաքականության մշակման:
«Ուզում ենք այս խորհրդաժողովի կազմակերպիչների հետ միասին օգտագործենք այս առիթը և մշակենք այլընտրանքային մոտեցումներ՝ տնտեսական քաղաքականության մշակման համար: Մենք ուզում ենք համախմբել ամբողջ ազատական միտքը, հրավիրել դասախոսների, տնտեսագետների, բարեփոխիչների: Մենք հրավիրել ենք այս խորհրդաժողովը՝ անհրաժեշտ բարեփոխումները քննարկելու համար: Նպատակ ունենք, եթե հաջողվի մեզ, այս քննարկումների հիման վրա ստեղծել մի կազմկոմիտե, 3-4 ամսում հրավիրենք հանդիպումներ և միասին փորձենք կառուցել այն օրակարգը, որով պետք է վերափոխել Հայաստան»,- ասաց Լ. Զուրաբյանը: