Եվրիմաժի ներկայացուցիչներն այցելելու են Երևան
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի հրավերով նոյեմբերի 1-3-ը աշխատանքային այցով Երևան կժամանեն Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության Եվրիմաժ (Eurimages) հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Իզաբել Կաստրոն և Եվրիմաժի անիմացիոն և խաղարկային ֆիլմերի գծով փորձագետ Իրիս Կադուն: Այս մասին տեղեկանում ենք «Կինոաշխարհ»-ից:
Եվրիմաժի ներկայացուցիչների հայաստանյան այցը տեղի կունենա «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակներում:
Աշխատանքային հանդիպման առաջին օրը՝ նոյեմբերի 1-ին, հյուրերը կինոարտադրողներին կներկայացնեն Եվրիմաժի և այլ կինոհիմնադրամների գործունեության առանձնահատկությունների և հայտեր ներկայացնելու կարգի մասին: Բացի այդ, նրանք ոլորտի մասնագետներին կծանոթացնեն համատեղ արտադրության և տեղական կինոթատրոնների աջակցության ծրագրերին։
Նոյեմբերի 2-ին արդեն տեղի կունենան գործնական աշխատանքային հանդիպումներ տեղական կինոգործիչների հետ, այդ թվում՝ կինոարտադրողների ( պրոդյսերների, ռեժիսորների և կինոլորորտի այլ մասնագետների հետ): Հայ կինոգործիչները հնարավորություն կունենան փորձագետների հետ համատեղ քննարկելու այն կինոնախագծերը, որոնք հետագայում կներկայացվեն Եվրիմաժ հիմնադրամին՝ որոշակի ֆինանսվորում ստանալու նպատակով։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2016 թվականին միացավ Եվրիմաժ (Eurimages) հիմնադրամին, որպես 37-րդ անդամ պետություն: Նոյեմբերին կայանալիք այցը՝ Եվրիմաժի ներկայացուցիչների առաջին պաշտոնական այցն է Հայաստան:
Հարակից հրապարակումներ`
- Օտարերկրյա կինոարտադրողների համար կարևոր է, որ երկիրն ունենա «Կինոյի մասին» օրենք. Գևորգ Գևորգյան
- Կինեմատոգրաֆիա. Հայաստանը կկարողանա ներկայացնել համատեղ ծրագրեր «Eurimages»-ին