Վիգեն Սարգսյանը բացատրել է ազգ-բանակ գաղափարի էությունը
Տարածաշրջանում այսօր տեղի ունեցող իրադարձությունները և հայկական երկու պետությունների առջև ծառացած ռազմական սպառնալիքները թույլ են տալիս կանխատեսել, որ առաջիկայում Հայաստանի անվտանգային միջավայրը և զինված ուժերի առջև դրված խնդիրները չեն կարող ենթարկվել էական փոփոխությունների։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Այս պարագայում, ըստ նախարարի, Հայաստանը պարտավոր է հզորացնել և զարգացնել երկրի պաշտպանական կարողությունները՝ տնտեսական ներուժի առավելագույն չափով։ Դրան հասնելու համար, ըստ նախարարի, անհրաժեշտ է ունենալ արդիականացվող ռազմական արդյունաբերության և ռազմական գիտությունների ժամանակակից ձեռքբերումների արդյունավետ կիրառող և պաշտպանության համակարգ, որը վայելում է հասարակության վստահությունը։
«Կառավարության ծրագրի պաշտպանական հատվածի հիմքում դրված է ազգ-բանակի գաղափարը և հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունք ռազմավարական սկզբունքը։ Ազգ-բանակ գաղափարախոսությունը ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական, հասարակական ուժերը, յուրաքանչյուր ոք պետք է հստակ պատկերացնի, թե ինչպես է հարաբերվում երկրի պաշտպանության գործին։ Մեր խնդիրն է այդ գաղափարախոսությունը ոչ միայն պետական կառավարման հիմքում դնելն է, այլև Հայաստանում ու սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայորդու հասցնելը», -ներկայացրեց Սարգսյանը։
Պաշտպանության նախարարը բացատրել է, որ ազգ-բանակ գաղափարի իրագործման նպատակը բանակ-հասարակություն «անքակտելի կապի» արմատավորումն է ու դրա միջոցով հայկական բանակը «հասարակության դարբնոցի վերածելը»։
«Արդյունքում ոչ միայն հասարակությունը՝ մարդկային, նյութական ռեսուրսներով իր ներդրումը կունենա հայրենիքի պաշտպանության գործին, այլ և բանակը փոխադարձ ներդրում կկատարի հասարակության մեջ՝ դառնալով բանիմաց և հայրենասեր քաղաքացու դաստիարակության դպրոց։ Այս արժեհամակարգի արմատավորումը թույլ կտա հանրային իրազեկման, բանակ-հասարակություն կապի և զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության ընդլայնման, կոռուպցիայի և հովանավորչության դեպքերը բացառելու միջոցով լուծել արդարության և թափանցիկության մթնոլորտի ամրապնդման խնդիրները՝ պաշտպանության ոլորտը դարձնելով պետական կառավարման նոր մոտեցումների ձևավորման հարթակ», հայտարարեց Վիգեն Սարգսյանը։
Պաշտպանության նախարարն ասաց, թե պետք է համատեղ ջանքերով կոտրել շատերի մոտ այն կարծրատիպը, թե զորամասը երբեմն-երբեմն զինվորներին նվերներ տալու և գեղեցիկ ելույթ ունենալու վայր է։
«Բանակը Հայաստանի Հանրապետության ամենամեծ ինստիտուցիոնալ կառույցն է, որը հարաբերվում էմյուս կառույցների հետ։ Մեր խնդիրը այս համագործակցության եզրերի ընդլայնման և համագործակցության ձևերի մեջ է։ Բանակն արարում է մեծագույն արժեքը՝ խաղաղությունն ու երկրի տարածքային ամբողջականության պահպանումը»,- նկատեց նախարարը՝ ընդգծելով, որ ժամանակն է անցնել արդյունավետ կառավարման։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան