Ստրասբուրգում ներկայացվեց ՀՀ ՏԻՄ ընտրությունների գնահատականը
Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նիստում, որն անցկացվում է հոկտեմբերի 19-ից 21-ը, այսօր տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ քննարկում։
Սեպտեմբերի 18-ին կայացած ՀՀ ՏԻՄ ընտրությունների գնահատման Կոնգրեսի առաքելության ղեկավար, Ֆինլանդիան ներկայացնող Լիզա Անսալան Կոնգրեսի անդամներին ներկայացրեց ՏԻՄ ընտրությունների գնահատականը։
Լիզա Անսալան տեղեկացրեց Կոնգրեսի անդամներին, որ Հայաստանում ՏԻՄ ընտրություններն անցկացվում են մի քանի անգամով և որ սեպտեմբերի 18-ին քվեարկությունն անցկացվել է ավելի քան 300 համայնքներում, որտեղ ընտրում էին քաղաքապետեր և ավագանու անդամներ։
Լիզա Անսալան նշեց, որ ընտրությունները տեխնիկապես լավ պատրաստված էին՝ ընդհանուր առմամբ միջազգային չափանիշներին համապատասխան։ Որոշ բացառություններով՝ ընտրության օրն անցել է հանգիստ։
Լիզա Անսալան ներկայացրեց այն քաղաքական իրավիճակը, որի պայմաններում տեղի են ունեցել ընտրությունները։
Անսալան ասաց, որ ՏԻՄ ընտրություններն առաջինն էին Հայաստանում ՊՊԾ գնդի գրավումից հետո, որը «ցնցեց երկիրն այս ամռանը»։ Սեպտեմբերի 8-ին հրաժարական տվեց վարչապետը՝ ասելով, որ երկիրը նոր մոտեցման կարիք ունի՝ տնտեսական անկումից ու շաբաթներ տևած բռնի բողոքի ակցիաներից հետո։
Զեկուցողը նշեց նաև, որ ՏԻՄ ընտրություններն անցկացվել են երկրում ընտրական օրենսգրքի բարեփոխումների ժամանակաշրջանում։
Նշվեց, որ, ընդհանուր առմամբ, շատ ցածր է եղել քաղաքական մրցակցությունն ու հանրային հետաքրքրությունը։Մրցակցություն եղել է մեծ քաղաքներում, իսկ փոքր համայնքներում ընտրաթերթիկում երբեմն առկա է եղել միայն 1 թկնածուի անուն։
Լիզա Անսալան ՀՀ իշխանություններին ներկայացրեց 3 առաջարկ, որոնցից առաջինը վերաբերում էր ընտրացուցակներին, երբ մարդն ապրում է արտերկրում, սակայն նրա անունն առկա է ընտրացուցակում։
«Այս իրավիճակը դարձել է պնդումների պատճառ, որ այս անձինք օգտագործվում են այլ մարդկանց կողմից, ովքեր քվեարկում են մի քանի անգամ և վճարվում քվեի համար։ Հնարավոր չարաշահումներից խուսափելու ու համայնքային մակարդակում ժողովրդավարության ամրապնդման համար Կոնգրեսը կարծում է, որ տեղական խնդիրները պետք է որոշվեն անհատների կողմից, ովքեր իրականում ապրում են տվյալ համայնքում։ Ընտրացուցակները պետք է փոփոխվի համապատասխանաբար»,-ասաց Լիզա Անսալան։
Զեկուցողի երկրորդ առաջարկն այն որ, որ ՀՀ իշխանությունները վերանայեն ընտրական օրացույցը և տեղական բոլոր ընտրություններն անցկացվեն 1 օրում՝ տարվա մեջ մի քանի օրվա փոխարեն, ինչը «կբարելավի թափանցիկությունը և կբարձրացնի ՏԻՄ ընտրությունների հանրային իրազեկվածությունը»։
Երրորդ խնդիրը կապված է ծերերի ու հաշմանդամների՝ ընտրատեղամասեր մուտքի և այսպես կոչված օգնելու միջոցով քվեարկելու հետ։
«Մենք հավատում ենք, որ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն այս խնդիրների հետ կապված, ինչպես նաև ապահովեն շարժական քվեատուփեր։ Հայաստանը ներկայումս անցումային փուլում է, և այս հարցերը կարող են լուծում ստանալ»,-ասաց Լիզա Անսալան։
Հիշեցնենք, որ ԵԽ Կոնգրեսի 15 հոգանոց պատվիրակությունը ընտրական գործընթացների գնահատման առաքելությամբ Հայաստանում է եղել սեպտեմբերի 14-ից 19-ը։
Նշենք նաև, որ այսօր ԵԽ կոնգրեսում ելույթ է ունենալու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։