Հոլոքոստի մասին պատմող ռուսական կարճամետրաժ ֆիլմը հավակնում է «Օսկար»-ի
Հոլոքոստի մասին «Բրուտոս» ֆիլմը, որը ստեղծվել է Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի աջակցությամբ, ընդգրկվել է «Օսկար» մրցանակաբաշխության ընդլայնված ցուցակում: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
«Հաճելի է գիտակցել, որ աշխարհում կինոմրցանակաբաշխության ամենամեծ կոմիտեն վերջին տարիներին նախընտրությունը տալիս է այն ֆիլմերին, որոնք շոշափում են Երկրորդ համաշխարհային պատերազմի թեման և Հոլոքոստը: Դա, անկասկած, կօգնի հանդիսատեսի ուշադրությունը սևեռել ազգային և կրոնական անհանդուրժողականության խնդիրների և դրանց սարսափելի հետևանքների վրա»,- ասել են ֆեդերացիայից:
«Բրուտոս» ֆիլմը նկարահանված է չեխ գրող Լյուդվիկ Աշկենազի պատմության հիման վրա, «Վկաներ» կինոալմանախի 2-րդ նովելն է: Կինոալմանախը կազմված է երեք նովելից՝ նվիրված Հոլոքոստի զոհերի հիշատակին։ «Բրուտոս» ֆիլմը Հոլոքոստի աղետի մասին պատմում է Բրուտոս անունով գերմանական հովվաշան աչքերով։ Ֆիլմի գեղարվեստական առանձնահատկությունն այն է, որ նկարահանող խումբը օգտագործում է տարբեր հնարքներ, որոնց նպատակն է իրադարձությունները ցույց տալ շան աչքերով։ «Բրուտոս» ֆիլիմի ռեժիսորն է Կոնստանտին Ֆամը: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանում, Ռումինիայում, Բելառուսում և Չեխիայում։ Ֆիլմի արտադրությանը մասնակցել են կինեմատոգրաֆիստներ Ռուսաստանից, Ռումինիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Մոլդովայից և Բելառուսից:
Գլխավոր դերակատարներն են՝ Օկսանա Ֆանդերա, Ֆիլիպ Յանկովսկի, Աննա Չուրինա և ուրիշներ:
Կինոալմանախի առաջին մասը կոչվում է «Կոշիկներ», նկարահանվել է 2012 թվականին, մի շարք կինոփառատոներում մրցանակի է արժանացել: Բելառուսում ընթանում է նովելի երրորդ մասի՝ «Ջութակ» նկարահանումները: Այն պատմում է երաժշտական գործիքի ճակատագրի մասին, որն անցնում է պատերազմի սարսափների միջով և պատմությունն ավարտվում է Երուսաղեում՝ Լացի պատի մոտ: