Հայաստանում մտադիր են Սահմանադրական մշակույթ անունով միջազգային կենտրոն բացել
Վենետիկի հանձնաժողովի վերջին նիստում Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նկատել է՝ եվրոպական շատ երկրներում սահմանադրական ճգնաժամ են ապրում։
Այսօր ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի Հանձնաժողովի կազմակերպած Երևանյան միջազգային խորհրդաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նույնիսկ վիճակը որակեց «տագնապալի»։
«Այսքան տարի մասնակցում եմ Վենետիկի հանձնաժողովի նիստին, երբեք նման ֆոն չէր եղել, երբ քննարկվում էր վիճակը Լեհաստանում, Հունգարիայում։ Շատ երկրներում խնդրահարույց շատ-շատ պրոբլեմներ կան»,- ասաց Հարությունյանը։
Նման իրավիճակից դուրս գալու և դրանք կանխարգելելու համար, Հարությունյանն ասաց, որ հանձնաժողովին առաջարկել է հայեցակարգ՝ սահմանադրական մշտադիտարկում անելու համար։ Առաջարկը քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի նիստում, գիտական խորհրդում, և այսօրվա խորհրդաժողովում ունեցել շարունակություն։
«Եվ ահա Վենետիկի հանձնաժողովի անդամները հավաքվել են Երևանում, ես ներկայացրի հայեցակարգային զեկույց։ Առաջ անցնելով ասեմ, որ ես առաջարկեցի չբավարարվել այս քննարկումով ու ստեղծել միջազգային կազմակերպություն, որը կլինի վերլուծական կենտրոն՝ Սահմանադրական մշակույթ անվանումով», -հայտնեց ՍԴ նախագահը և տեղեկացրեց, որ այսօր երեկոյան կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և կներկայացնեն այդ մասին։
Ըստ Հարությունյանի, 16 երկրներից 37 սահմանադրագետներ և չորս վերլուծական կենտրոններ արձագանքել են այս նախաձեռնությանը։ Սահմանադրական մշակույթ անվանումով միջազգային կենտրոնը, ՍԴ նախագահի ներկայացմամբ, կգործի Հայաստանում ու կկատարի «շարունակական հետազոտություններ, կներկայացնի առաջարկություններ»։
Երկրներում սահմանադրականության ճգնաժամի պատճառները, ըստ Հարությունյանի, տարբեր են և պայմանավորված են քաղաքական միջամտություններով, իրավական պետության սկզբունքի ոչ լիարժեք իրացմամբ և առաջին հերթին «հասարակական հարաբերությունների սահմանադրականացման մակարդակի ցածր լինելով»։
«Կա սահմանադրություն, չկա սահմանադրականություն։ Թղթի վրա եղած սահմանդրությունը որքան էլ կատարյալ լինի, բավարար չէ։ Ինչպե՞ս է այդ սահմանդրությունը իրական կյանքում աշխատում, գոյություն ունենում։ Երեք բաղադրատարրեր կան՝ յուրաքանչյուր անձի սոցիալական վարքագծի հիմքը, քաղաքական ինստիտուտների քաղաքական վարքագծի հիմքը, պետական իշխանության ինստիտուտների հանրային վարքագծի հիմքը։ Եթե դա չկա, սահմանարդականություն իրական կյանքում չի լինում, իսկ շարունակական ձևախեղումները հանգեցնում են ճգնաժամի», -ներկայացրեց Հարությունյանը։
Նրա կարծիքով, եթե օրգանիզմում կա ֆունկցիոնալ որևէ խանգարում, ապա անհրաժեշտ է անմիջապես պայքարել դրա դեմ, վերացնել այն։ Այդպես է նաև սահմանադրականության դեպքում. «Եթե հասարակական հարաբերություններում տեղի է ունենում սահմանադրական հավասարակշռության խախտում ու դա ժամանակին չի բացահայտվում, վերականգնվում, գնահատվում, ապա դա մետաստազներ է առաջացնում»։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա խոսքով, մեր երկրում «հուսադրող հանգամանք կա».«Մենք փորձեցինք այս սահմաանդրական բարեփոխումներով նախ երաշխավորել սահմանադրության ինքնաբավությունը և այնպիսի մեխանիզմներ առաջադրել, որոնց կյանքի կոչման պարագայում այս խնդիրները լուծելի կլինեն։ Այսօր դեռևս այդ շեղումը՝ Սահմանադրության և իրական կյանքի, բավականի մեծ է։ Ամբողջ խնդիրն այն է, որ թույլ չտանք, որ այդ մետաստազները զարգանան»։
Խզումը վերացնելու ձևերը ՍԴ նախագահը գիտի. «Առաջին հերթին դա պետք է անել սահմանադրական, ապա իրացման մակարդակում։ Մենք 100-ից ավելի նոր օրենքներ պետք է կարողանանք կյանքի կոչել, որ Սահմանադրությունը աշխատի։ Սահմանադրությունը պետք է սկսի լիարժեք գործել 2019 թվականից»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները