Դուք շատ մեծ քայլ կատարեցիք՝ ադիոզ դեմքերից ազատեցիք կառավարությունը. Բիշարյանը՝ վարչապետին
Ազգային ժողովի պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին մի քանի հարց է տանջում. «Մի՞թե նախորդ 14 կառավարությունների ծրագրերում չի գրվել պայքար մենաշնորհների դեմ, մի՞թե չի եղել գեղեցիկ ծրագիր, այնպես, ինչպիսին ձերն է»։
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում այս հարցերը բարձրաձայնեց Բիշարյանը ու հայտարարեց, որ բոլոր նախկին ծրագրերի արդյունքում «Հայաստանը կանգնել է ծայրահեղ ծանր վիճակի առջև»։
Նա համեմատություններ անցկացրեց հարևան Վրաստանի հետ և նկատեց, որ օրինակ, Վրաստանի սուպերմարկետում բանանի գինը երկու անգամ ցածր է, քան Հայաստանում։
«Հարևան մի երկիր է, որը մեզանից լավը չէ, բայց չգիտես, ինչու ամեն մի քաղաքացի, որ գնում է այդ երկիր, ասում է՝ ձեռքի հետ լվացքի փոշի բերեմ, որովհետև Հայաստանում թանկ է։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ է մեր տնտեսությունը կքած այդ բեռի տակ, ինչո՞ւ հնարավորություն չկա մեր քաղաքացու համար և աչքը Վրաստանի վրա։ Լավ, բանանի մասին։ Լավ կարելի՞ է այդ մենաշնորհին վերջ տալ։ Մի՞թե մեր նախորդ ծրագրերում եղել է կետ, որով փակենք, ոչնչացնենք փոքր ու միջին բիզնեսը ու վրան էլ գրենք՝ վաճառվում է, կամ տրվում է վարձով», -վրդովված նկատեց պատգամավորը։
Նրա խոսքով, ինքը ծրագրում չի տեսել մի կետ, որով հնարավոր լինի դրսից հետ բերել «գողացված փողերը»։
«Եթե ուզում ենք դառնալ իսկապես Սինգապուր, եթե ուզում եք հերոս դառնաք, հետ բերեք թալանված փողերը, այն 30 միլիարդը, որ Հայաստանից տարել են էն չակերտավոր հայրենասերները, որոնք բերել են այստեղ ներկայացրել ծրագրեր ու փողերը ստացել, ծրագիրը դրել մի կողմ, թալանել երկիրը, թալանել են Հայաստանի Հանրապետությունը։ Խնդրում եմ ձեր ծրագրում դրեք այդպիսի մի դրույթ, որ այն նախկին պաշտոնյաները, ովքեր ունեն գումարներ, հետ բերեն դրանք», -դիմելով դահլիճում նստած վարչապետին ու կառավարության մյուս անդամներին, ասաց Բիշարյանը։
Պատգամավորն ասաց, որ իրենց դուր չի եկել վարչապետի երեկվա հայտարարությունը, թե եթե իր բարեկամների մեջ էլ լինեն արժանի մարդիկ, ապա նրանց էլ կնշանակի պաշտոնի։
«Պարոն վարչապետ, աշխատեք խելացի մարդկանց գտնել այլ տեղերից։ Պարտադիր չէ բարեկամական օղակից։ Բայց շատ կարևորում ենք՝ դուք շատ մեծ քայլ կատարեցիք՝ ադիոզ դեմքերից ազատեցիք կառավարությունը։ Ազատեիք, բայց պատասխանատվության խնդիրը կա։ Ազատել ու ասել՝ միլիոնը կերել եք, գնացեք ջանդամը գրողը ծոցը, դա ձև չէ։ Պետք է սկսել պատասխան տալ», -հայտարարեց Բիշարյանը։
Այդուհանդերձ, նրա խոսքով, դրական գնահատականների արժանի է նոր կառավարության ձևավորումը, քանի որ պետք է հնարավորություն տալ աշխատել և այդ պատճառով էլ կքվեարկենք ձեռնպահ։