Գերմանացի պատմաբանը՝ Վատիկանի արխիվներում Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի ուսումնասիրության մասին
Գերմանացի պատմաբան, բազմաթիվ աշխատությունների հեղինակ Մայքլ Հեսեմանը (Michael Hesemann) 2009 թվականից ուսումնասիրում է Վատիկանի արխիվներում պահվող Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերը:
«Աշխատեցի ինչպես Վատիկանի կենտրոնական պահոցում, այնպես էլ պատմական հատուկ պահոցում: Այդ պահոցներում աշխատելու թույլտվություն ստանալով՝ ես բացահայտեցի մի շարք փաստաթղթեր, որոնք մինչ օրս չեն հրապարակվել, չեն լուսաբանվել»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայքլ Հեսեմանը:
Նա տեղեկացրեց, որ այդ փաստաթղթերը զետեղված են իր «Հայերի ցեղասպանությունը» գրքում, որը թարգմանվելու է տարբեր լեզուներով, այդ թվում նաև հայերեն: Բացի այդ, պատմաբանը հայտնեց, որ այսօր ՀՀ ԳԱԱ նախագահին է հանձնել իր ուսումնասիրած 1100 էջ փաստաթղթերի պատճեները:
Մայքլ Հեսեմանի խոսքով՝ այդ բոլոր փաստաթղթերը հիմնականում նամակագրություններ են Հռոմի պապերի, կարդինալների միջև, որոնք գաղտնի բնույթ էին կրել, դրանց գաղտնազերծումը հեշտ չէր:
«Բայց այսօր Սուրբ Աթոռը վարում է թափանցիկ քաղաքականություն, բոլոր նյութերը հասանելի են»,- ընդգծեց պատմաբանը:
Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ի՞նչ է պարզել գերմանացի պատմաբանը:
Նա նախ նշեց, որ այդ բոլոր փաստաթղթերը վկայում են այն մասին, որ երիտթուրքերն իրականացրել են նախապես ծրագրված, համակարգված հայերի բնաջնջում, բայց ոչ միայն հայերի:
«Դա պետական ծրագիր էր, իսկ բոլոր այն խոսակցությունները, թե կապված էր հայերի ապստամբության հետ, ընդամենը փորձ էր քողարկելու իրենց ծրագիրը, այսինքն՝ հայերի համատարած բնաջնջումը»,- ասաց նա՝ հավելելով, որ երիտթուրքերի պատկերացմամբ պետությունը հզոր և ուժեղ է, երբ միատարր է:
«Նրանք նպատակաուղղված հայերին ուղղում էին համակենտրոնացման ճամբարներ այն նպատակով, որ չեն դիմանա ձմռան ցրտին, իսկ եթե դիմանային, սիրիական անապատների շոգին հաստատ չէին դիմանա, կվերանային, այսինքն հայերի զտումը, մաքրումը կլիներ այնպես, ինչպես իրենք էին ասում, «բնականոն եղանակով»»,- նշեց պատմաբանը:
Ըստ նրա, իր ուսումնասիրած փաստաթղթերում նշված է 1,5 միլիոն թիվը, այսինքն այդքան հայ է զոհ գնացել. նամակներից մեկում (1918 թ. նոյեմբեր) գրված է, որ 2,3 միլիոն հայերից զոհվել է 1,5 միլիոնը:
«Ըստ այս փաստաթղթերի, երիտթուրքերի առաջ քաշած՝ «Հայաստանն առանց հայերի» կարգախոսը փաստ է, ինչպես նաև այն, որ նրանց ոճրագործությունը տեղի էր ունենում գերմանացիների աջակցությամբ»,- ասաց պատմաբանը:
Ըստ Մայքլ Հեսեմանի, հոգևորականներից մեկի փաստարկներում նշված է այն մասին, որ Հայոց ցեղասպանության գործընթացները կապված են մասոնական օթյակի հետ, թելերը, ակունքները գալիս են այդտեղից:
«Երիտթուրքերը, որպես մասոնական օթնյակի ներկայացուցիչներ, ուզում էին ոչնչացել քրիստոնեությունը, թեկուզ՝ 0,2 տոկոսը կամ 20 տոկոսը, ինչպես դա եղել է: Փաստն այն է, որ այդ նպատակն ունեին և իրագործել են»,- ասաց նա:
Հարցին, թե ձեր ունեցած փաստերը երբևէ փորձե՞լ եք ներկայացնել միջազգային իրավունքի մասնագետներին, որքանո՞վ դրանք հնարավորություն կտան Հայաստանին դիմելու միջազգային ատյաններ՝ վերականգնելու արդարությունը և բարձրացնելու պահանջատիրության հարցեր, պատմաբանն ասաց. «Իհարկե, կարելի է դիմել նման ատյանների, բայց հարցը նրանում է, թե որքանով են այդ կառույցները զերծ, չկապված մասոնական ատյանների հետ, քանի որ ամբողջ միջազգային հանրությունը ինչ-որ անտեսանելի կապերով կապված է այդ շարժման հետ, որը շարունակում է պահպանել իր ազդեցությունը, ուժը: Այսինքն կասկածի տակ է դրվում նման ատյանների կողմից օբյեկտիվ գնահատականը»:
Ըստ նրա, այն փաստը, որ ամբողջ Արևմուտքում պայքար, պատերազմ է գնում քրիստոնյաների դեմ, կասկածի ենթակա չէ:
Հարցին, թե առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք, Մայքլ Հեսեմանն ասաց, որ շարունակելու է իր ուսումնասիրությունները Վատիկանում:
«Ամեն ինչ կանեմ, որպեսզի ապացուցում, որ 20-րդ դարասկզբի սարսափելի պատմական իրողությունը շատ բաների ակունք է և աղբյուր, պետք է մինչև վերջ պարզաբանվի»,- ասաց գերմանացի պատմաբանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան