Բենզինի գինը 20 դրամով նվազել է,ՀՀ շուկայում նոր ընկերություն է հայտնվել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրենց դիտանցումները հանրապետությունում բենզինի վաճառքի մանրածախ գների 20 դրամի նվազում են արձանագրել:
Նրա խոսքերով՝ Հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել և պարզել, որ բենզինի շուկայում ավելացել է ներկրող ընկերությունների թիվը: Այդ շուկայում հայտնվել է նոր ընկերություն՝ ՄԱՔՍ ԳՐՈՒՊ-ը, որը սկսել է բենզինի ներկրումներ իրականացնել:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նոր ընկերությունն ավելի ցածր գներով է բենզին ձեռք բերել, ինչի արդյունքում՝ Հայաստանում ավելի էժան գնով է իրականացնում բենզինի վաճառքը: Այդ պատճառով էլ բենզինի մանրածախ գները շուկայում նվազել են»,- նշեց Արտակ Շաբոյանը:
Ըստ նրա՝ նախկինում էլ մշտապես ասել են, որ բենզինի շուկայում մուտքի խոչընդոտներ չկան, եթե կլինեն տնտեսվարող սուբյեկտներ, որոնք կցանկանան զբաղվել տվյալ բիզնես գործունեությամբ զբաղվել, ապա շուկան ամբողջությամբ բաց է, ադմինիստրատիվ խոչընդոտներ չկան:
Նա ասաց, որ այսօրվա դրությամբ երեք ընկերություն զբաղվում է բենզինի ներկրմամբ: Նշենք, որ հանրապետություն հիմնականում բենզին ներկրվում է Ռուսաստանից, որոշ քանակություն՝ Ռումինիայից:
Հարցին, թե որքան կշարունակեն նվազել բենզինի գները, Արտակ Շաբոյանը դժվարացավ պատասխանել: Ըստ նրա, իրենց ուսումնասիրությունները միշտ էլ ցույց են տվել, որ հայաստանյան շուկայում միջազգային շուկայի փոփոխությունները անուղղակիորեն են ազդում: