Հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը վտանգավոր ազդանշան է. Կարեն Միրզոյան
«Խոսել ենք մի շարք հարցերի մասին, որոնք առնչվում են Արցախի և Եվրոպական Միության միջև հարաբերություններին, անդրադարձել բանակցային գործընթացում առկա իրավիճակին»,-այսօր Երևանում գտնվող Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
Նա նշեց, որ այս համատեքստում կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ և անպայման կատարումը. «Անդրադարձել են նաև մի շարք այլ հարցերի, որոնք օրակարգային են մեր հանդիպումների համար»:
Լրագրողներն Արցախի արտգործնախարարից հետաքրքրվեցին, թե ինչ կարող է ասել հակառակորդի կողմից ձեռնարկած այսօրվա դիվերսիոն ներփաթանցման փորձերի հետ կապված . «Տեղյակ եմ տեղի ունեցածին իհարկե: Կարծում եմ, որ շատ վտանգավոր է ազդանշան է, վտանգավոր զարգացում է և ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքանով է կարևոր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների անհապաղ կատարումը»:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջան այցին՝ Կարեն Միրզոյանն ասաց, որ առաջիկա շաբաթում համանախագահները ժամանելու են Արցախ. «Մենք ներկայացնելու ենք մեր գնահատականը վերջին հանդիպումից անցած ժամանակահատվածում տեղի ունեցածի վերաբերյալ, մեր մոտեցումները, մեր կարծիքները, ինչպես միշտ կարծում եմ խոսակցությունը կընթանա շատ բաց և գործնական մթնոլորտում»:
Իսկ ինչ վերաբերում է Արցախի՝ որպես բանակցային կողմ մասնակցելուն ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ դա օբյեկտիվ անհրաժեշտություն է. «Տեղի ունեցող զարգացումները, և իրադարձությունները ևս մեկ անգամ փաստում են, որ առանց Արցախի լիակատար մասնակցությանը բանակցային գործընթացին՝ խոսել որևէ իրական առաջընթացի մասին ուղղակի իրատեսական չէ»: