ԵՄ, թե ԵՏՄ՝ հարցում մոլդովացիների շրջանում
Մոլդովայի բնակչության ավելի քան 40%-ը հնարավոր համապետական հանրաքվեի միջոցով երկրի ներքաղաքական զարգացման ուղենիշն ընտրելու կընտրեր Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին են վկայում Մոլդովայի սոցիոլոգների և դեմոգրաֆների միության կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները:
Հրապարակված արդյունքների համաձայն՝ ԵՄ-ին անդամակցելուն կողմ են արտահայտվել 41%-ը, բացասական պատասխան է տվել 40.4%ը, իսկ ԵՏՄ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը կազմել է 44.3%:
Հարցումն անցկացրած ընկերության ղեկավարի խոսքով, Եվրաինտեգրմանը կողմ արտահայտված հարցվողների մեծ մասը գտնում է, որ ԵՄ-ին անդամակցությամբ կնվազի կոռուպցիայի մակարդակը և կմեծանա ֆինանսական աջակցության ծավալը: Իսկ ահա ԵՏՄ-ին անդամակցելու կողմնակիցները գտնում են, որ այդպիսով կլուծվի մերձդնեստրյան հակամարտությունը, ինչի հետևանքով էլ կբարելավվի գյուղատնտեսությունը:
Նշվում է, որ հարցումն անց է կացվել հոկտեմբերի 9-18-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 1569 քաղաքացի 83 բնակավայրերից: