Նախարարը բժիշկներին հորդորել է մասնակցել պետպատվերի գումարների արդյունավետ օգտագործմանը
«Բժշկական կազմակերպություների ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պետական պատվերի շրջանակներում փոխհատուցվող «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» բժշկական օգնության և սպասարկման մի շարք ծառայությունների գները համահունչ դարձնել ազատ շուկայական գնագոյացման արդյունքում ձևավորվող գներին»,-այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սա նշված շուկայում ազատ մրցակցության հնարավորություն կստեղծի, իսկ որ առավել կարևոր է` պետական բյուջեի սահմանափակ միջոցների հաշվին ավելի մեծ թվով շահառուներ կսպասարկվեն:
«Գումարների սպառման պատճառը ոչ միշտ է պայմանավորված դրանց սղությամբ։ Երևի 50-60 տոկոսով այն պայմանավորված է նրանով, որ նշանակված հետազոտությունները չեն համապատասխանում հիվանդի գանգատներին և վիճակին»,- այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
«Մշակվել և ներդրվել են հետազոտությունների ուղեգրման չափորոշիչներ և արձանագրություններ, որոնցով բժիշկներն առաջնորդվելու են։ Տրված ուղեգրերի նկատմամբ կսահմանվի հսկողություն, շեղումների դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։
Լևոն Ալթունյանը հորդորեց բժիշկներին ևս մասնակից դառնալ պետական պատվերի գումարների առավել արդյունավետ օգտագործմանը։
Այժմ նախարարությունը նոր պայմանագրեր է կնքում նշված ծառայությունները մատուցող բժշկական կազմակերպությունների հետ։ Նախատեսվում է, որ ուղեգրեր ունեցող մեր քաղաքացիները մեկ շաբաթից հնարավորություն կունենան անցնելու անհրաժեշտ հետազոտությունները։ Այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի։ Հարցերի և բողոքների դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գիծ` 010-52-77-82 հեռախոսահամարով»,-ասված է ԱՆ հաղորդագրությունում։