Գնահատում ենք այն «շտանգան», որը պետք է բարձրացնենք. Կարեն Կարապետյան
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումների ավարտին, քվեարկությունից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանին եզրափակիչ ելույթի համար տրվեց մինչև մեկ ժամ ժամանակ, բայց նա խոսեց կարճ։
Նախ շնորհակալություն հայտնեց բոլորին, նաև քննադատողներին, այնուհետև անդրադարձավ առաձին խմբակցությունների ելույթներին։
Կոռուպցիայի դեմ պայքարի մասին «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների ելույթներին ի պատասխան, Կարապետյանը նկատեց. «Մեր ՕԵԿ-ի գործընկերները ասում են, որ դուք գրել եք կոռուպցիայի դեմ պայքար։ Է, բոլորը գրել են, չգրե՞նք։ Մյուս հայտարարությունը՝ շատ ունեք այսպես կոչված, լո-լո՝ բանակցել, աջակցել։ Բաներ կան, որ իրականում մեզանից պահանջում են վերլուծել, աջակցել։ Եվ վերջում հայտարարեցիք, որ ծրագրում մասեր կան, որ ձեր դուրը գալիս են, բայց ձեռնպահ կմնաք, քանի որ ծրագրում չկա կետ, որ օֆշորներից փողը վերադարձնեն։ Հիմա հռետորական հարց՝ եթե գրեինք, կվերադարձնեի՞ն, ավելացնեինք, կողմ կքվեարկեի՞ք»։
Անդրադառնալով ՀԱԿ-ի դիրքորոշմանը, Կարապետյանը նկատեց, որ ընդդիմությունը ճիշտ է, իրենք ախտորոշում չեն կատարել ու գրել են, որ պետք է ախտորոշեն և հավելեց. «Այն ախտորոշումը, որ մենք պետք է անենք, քսան օրը բավարար չէ։ Ասում եք վեց ամսով ենք ծրագիր ներկայացրել, մի քիչ ավել ներկայացնեինք, հնարավոր է՝ քննադատվեինք, թե ինչ գիտեք ընտրություններից հետո ինչ կլինի, որ այսքան երկար ժամկետի համար եք ներկայացրել ծրագիր»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշմանը անդրադառնալիս վարչապետը լեզվի սայթաքում թույլ տվեց և ասաց՝ «Բարգավաճ հանրապետական» կուսակցությունը, ինչը առաջացրեց դահլիճի բուռն ծիծաղը։ Մի քանի անգամ ներողություն խնդրելուց հետո վարչապետը ասաց. «Հաստատ դիտավորյալ չէր»։
Նշեց, որ իր համար անհասկանալի էր, թե ինչու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել չքվեարկել։
«Մաքսիմալ պրագմատիկ, իրական խորհուրդներ տվեք, որ հասկանանք այդ քննադատության կամ առաջարկի մեջ ինչ պետք է անենք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դաշնակցություն և Հանրապետական կուսակցություններին՝ աջակցության համար և ուզում եմ հավաստիացնել, որ իրոք, գնահատում ենք այն բեռը և այն «շտանգան», որը պետք է բարձրացնենք։ Հավանականություն կա՞ որ ժողովրդի լեզվով ասած, գրիժա կստանանք։ Կա։ Կստանա՞նք, ժամանակը ցույց կտա։ Եթե միասնական լինենք, կարծում եմ, հաջողություն կունենանք», -եզրափակեց վարչապետը։
Նշենք, որ վարչապետի ելույթից հետո հայտարարվեց քվեարկություն, որի արդյունքներով կառավարության ծրագիրը ընդունվեց ձայների մեծամասնությամբ՝ 85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին