«Մարդիկ էլ չեն հասնի ՄԻԵԴ». ՍԴ նախագահ
Հայաստանի Սահմանադրական դատարանը վերջին ութ տարիների ընթացքում տարբեր օրենքների 160-ից ավելի դրույթներ հակասահմանադրական է ճանաչել։ Այդ մասին այսօր ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի Հանձնաժողովի կազմակերպած Երևանյան միջազգային խորհրդաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։
Ավելին, օրենքների դրույթների հակասահմանադրականությունը նկատում են քաղաքացիները և հայց ներկայացնում Սահամանդրական դատարան։
«Ամբողջ հարցը այն է, որ քաղաքացիների դիմումների հիման վրա են դրանք ճանաչվում հակասահմանադրական», -նշեց պարոն Հարությունյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում օրենքները հակասահմանադրական ճանաչելու տեսակարար կշիռը շատ է։
ՍԴ նախագահի խոսքով, այս իրավիճակի պատճառն այն է, որ այն մարմինները, որոնք թույլ են տվել, որ հարցը հասնի մինչևս ՍԴ, իրենց աշխատանքում թերացել են։
«Դա գալիս է և օրենսդրության թերություններից, և իրավակիրառ պրակտիկայից։ Իրականում դատական պրակտիկան կարող էր, եթե առաջնորդվեր իրավունքի գերակայությամբ, այլ կերպ կիրառեր։ Բայց տալիս են այնպիսի մեկնաբանություն, որ հաճախ հանգեցնում է մարդու իրավունքների ոտնահարման։
Եվ սրա համար Սահմանադրական բարեփոխումներով մենք փոփոխություն կատարեցինք և Սահմանադրության մեջ ամրագրեցինք, որ քաղաքացին կարող է դիմել Սահմանադրական դատարան ոչ միայն բողոքարկելով նորմի սահմանադրականությունը, այլ նաև մեկնաբանության սահմանադրականությունը։ Սրանից հետո արդեն, դատական իշխանության ինստիտուտները պետք է միշտ պատրաստ լինեն, որ քաղաքացին կարող է այդ մեկնաբանությունները բողոքարկել», -բացատրեց ՍԴ նախագահը։
Նրա կարծիքով, անհրաժեշտ է, որ դատարանները, եթե կասկածում են, սահմանադրությանը հակասող նորմը չկիրառեն, կամ կիրառեն այնպիսի մեկնաբանությամբ, որը կպաշտպանի մարդու իրավունքը։ Կա նաև երրորդ տարբերակ՝ դատավորները կարող են կասեցնել գործը և իրենց նախաձեռնությամբ դիմել ՍԴ՝ վիճարկելով տվյալ նորմի սահմանադրականությունը։
Այս դեպքերում է, որ, ըստ Հարությունյանի, մարդիկ հույս են դնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վրա ու վերջնաարդյունքում դիմում ՄԻԵԴ։ Նոր Սահմանադրության գործարկման պարագայում, ՍԴ նախագահի խոսքով, մարդիկ էլ չեն հասնի ՄԻԵԴ, «որովհետև մեր ազգային համակարգը ավելի արդյունավետ կդառնա»