
Նախագահը ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական և պարենային ապրանքի տեսականին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչութունից:
Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն:
Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց զարգացման ծրագրերի և խնդիրների մասին:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից: