Վիգեն Սարգսյան. Պատարաստ ենք արձագանքել ու հակահարված տալ
Հայկական Զինված ուժերը պատրաստ են արձագանքել ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձերին ու տալ անհրաժեշտ հակահարված: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Արցախում գտնվող նախարար Սարգսյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: «Ինչպես միշտ, ստանալով տեղեկատվությունը՝ անմիջապես ձեռնարկեցինք անհրաժեշտ միջոցառումները : Ժամանելով այստեղ՝ ես ստացա լրացուցիչ տեղեկատվություն, լրացուցիչ մանրամասներ այդ փորձի մասին»,- ասել է Վիգեն Սարգսյանն ու նշել. «Պետք է ասեմ, որ մեր պաշտպանության ամբողջ գաղափարախոսությունը կառուցված է այդպիսի փորձերի պարբերականության և հնարավոր կրկնության կանխավարկածի վրա, որովհետև մենք գիտենք, որ ադրբեջանական կողմն ունի հստակ և բացահայտ արտահայտվող ագրեսիվ վերաբերմունք և պարբերաբար շեշտում է ռազմական միջոցով խնդիրը լուծելու իր ցանկության և պատրաստակամության մասին: Մեր մարտական հերթապահությունը կազմակերպվում է հենց այդ տրամաբանությանն արձագանքելու տեսանկյունից, և առիթ եմ ունեցել ասելու, որ նման փորձերը շարունակվելու են այնքան ժամանակ, որքան, ինչպես ժամանակին ասել է Իսրայելի վարչապետ Գոլդա Մեյիրը, նրանք չսկսեն սիրել իրենց զավակներին ավելի շատ, քան ատում են մեր զավակներին: Հետևաբար, մենք միշտ պետք է պատրաստ լինենք արձագանքելու, արձագանքելու ինչպես հակահարված հասցնելու, այնպես էլ պատժիչ միջոցառումներով՝ այդպիսի փորձերի ցանկությունը կանխելու համար»:
Նախարար Սարգսյանը տեղեկացրել է, որ ԼՂՀ այցի ընթացքում այսօր անձամբ է համոզվել հայ զինծառայողների մասնագիտական ու կամային հատկանիշների բարձր մակարդակի լինելու հարցում: «Ժամանելով այստեղ՝ ես տեսա մի տեսանյութ այս օրերին տեղի ունեցած նման նախապատրաստական փորձի և մեր զինծառայողների արձագանքի մասին: Տղաները, չիմանալով, որ ձայնագրվում է, իրար մեջ քննարկում էին, և ես իրոք տպավորված էի և շատ բարձր գնահատեցի շարքային և պայմանագրային զինծառայողների վճռականությունը, պատրաստակամությունը և հանգստությունը, որով նրանք արձագանքում էին ՝ տեխնիկական միջոցների օգտագործմամբ դիտելով այդ խմբերի առաջխաղացման փորձը, թե որքան արհեստավարժ պատրաստ էին պատասխանել: Չկար բացարձակ ոչ մի խուճապ կամ անհանգստություն, ինչը շատ կարևոր հատկանիշ է: Դա բարոյահոգեբանական մթնոլորտի արտացոլումն է, որը, երևի թե, առանցքային նշանակություն ունի պաշտպանության կազմակերպման գործում»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ Panorama.am-ը կներկայացնի հաջորդիվ:
(լուսանկարը՝ արխիվից)
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան