Վիգեն Սարգսյան. ՊՆ-ն ամենուժեղ և կայացած պետական կառույցն է
Հայաստանի Պաշտպանության նախարարությունն աչքի է ընկնում շատ հստակ խնդիրներ դնելու և խնդիրները լուծելու մեծ ունակությամբ: Նման գնահատական է հնչեցրել Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում:
Արձագանքելով հարցին, թե հասցրե՞լ է արդյոք ծանոթանալ համակարգին, որո՞նք են բանակի ուժեղ կողմերը՝ Վիգեն Սարգսյանը մասնավորապես նշել է.
«Առաջին խնդիրը հենց գործերի ընթացքին արագ ծանոթանալն է եղել, իրավիճակը գնահատելը և առաջիկա աշխատանքները նախատեսելը: 13 տարի անց վերադառնալով Պաշտպանության նախարարություն, որտեղից տեղափոխվել էի նախագահի աշխատակազմ՝ 2003 թ.-ին, տեսա, որ այս տարիները և բանակաշինության 25 տարին՝ առհասարակ, եղել են իրոք չափազանց արդյունավետ, և Պաշտպանության նախարարությունը շատ ամուր հիմքի վրա կանգնած հիմնարկ է: Ես, ունենալով գնահատելու հնարավորություն, երկար տարիներ աշխատելով նախագահի աշխատակազմում, վերջին 5 տարիների ընթացքում ղեկավարելով աշխատակազմը, պետք է ասեմ, որ ՀՀ ԶՈՒ և ՊՆ, իմ գնահատմամբ, ամենուժեղ և կայացած պետական կառույցն է՝ թե պարտաճանաչության, թե կազմակերպչական, թե տեղեկատվության հետ աշխատանքի առումով: ՊՆ-ն իրոք աչքի է ընկնում շատ հստակ խնդիրներ դնելու և խնդիրները լուծելու մեծ ունակությամբ: Դա մեծ ձեռքբերում է բանակաշինության գործում: Նույնը ես տեսնում եմ և կարող եմ գնահատել զորքերում: Պետք է հասկանալ և ենթադրել, որ մի կողմից դա ռազմական կրթության և այդ կրթության յուրահատկությունների դրսևորում է, բայց վստահ եմ նաև, որ դա երկար տարիներ մեր նախարարությունը ձևավորած և ղեկավարած նախարարների, այսօրվա մեր գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի և Սեյրան Օհանյանի մեծ աշխատանքի արդյունքն է, որը լավ հիմք է տալիս հետագա աշխատանքը կազմակերպելու համար:
Երկրոդ մեծ առավելությունը և ամենաուժեղ կողմը մեր զինվորների մարտական ոգին է: Առաջին բանը, որն արեցի իմ նշանակման որոշման կայացման և հրապարակման միջև ընկած շրջանում, մի շարք հանդիպումներ անցկացնելն էր այս ամառ զորացրված, պատահական ընտրված մեր 10 զինծառայողների հետ, որոնք ծառայություն են անցել ամենատարբեր զորամասերում և ունեն կյանքի ամենատարբեր ուղիներ. սկսած գյուղական շրջաններից՝ թերի միջնակարգ կրթությամբ, մինչև մայրաքաղաքի կենտրոնում բարձրագույն կրթությամբ զորակոչված մեր զինծառայողները: Ամենամեծ տպավորությունը, որն ստացա այդ զրույցներից, ինքնագնահատականն էր իրենց անցած ծառայության 2 տարիներին: Ես ունեմ համեմատելու հնարավորություն, որովհետև տարիներ առաջ, երբ ծառայում էի ՊՆ-ում, դեռ մինչ այդ, երբ խոսում էի զորացրված զինվորների հետ, հիմնական զգացողությունը բեռի թոթափումն էր, որ դա սահմանադրական պարտք է, որն իրենք կատարել են, այլևս պետության հետ պարտք ու պահանջ չունեն: Ամենավատ գնահատականը, որը լսում էի, այն էր, որ շատ ազատ և պարապ ժամանակ ունեին իրենց 2 տարիների ծառայության ընթացքում:
Այսօր, խոսելով զորացրված երիտասարդների հետ, ես տեսնում եմ շատ բարձր ինքնագնահատական իրենց անցած ուղուն: Իրենք համարում են, որ աճել են, վստահ են, որ կարողացել են նպաստել հայրենիքի պաշտպանության գործին և շատ հստակ գիտեն, որ ունեն զորահավաքային հետագա պարտավորություններ, եթե լինի անհրաժեշտություն՝ որպես ռեզերվիստ նորից կանգնելու հայրենիքի պաշտպանության գործին: Դա ամենամեծ ձեռքբերումն է և այն հիմքը, որով պետք է կատարենք մեր հետագա աշխատանքը»:
(լուսանկարը՝ արխիվից)