Չարենցն ամենօրյա բացահայտման կարիք ունի. Գոհար Չարենց
Ե. Չարենցի տուն- թանգարանում «Կարմիր տան այսօրը» խորագրով միջոցառման շրջանակում կայացավ հանդիպում Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցի հետ:
Panorama.am-ի հետ զրույցում նա նախ խոսեց միջոցառման խորագրի մասին՝ ինչու Կարմիր տուն. «Չարենցն է այսպես անվանել այս տունը: Մինչև 1935 թվականն ապրել է էժան հյուրանոցներում: Բայց ամեն անգամ այս շենքի կողքով անցնելիս ասել է՝ այստեղ բնակարան եմ ուզում: Ու մի օր նա ստացել է այդ բնակարանը հենց այդ շենքում: Երկու տարի է ապրել այս շենքի երրորդ հարկում՝ 1935-37 թվականը: Հենց այս տնից են իրեն տարել»:
Չարենցն ունեցել է երկու դուստր՝ Արփենիկ և Անահիտ: Գոհարը Անահիտի դուստրն է:
«Մորաքույրս հինգ, մայրս երկու տարեկան է եղել, երբ Չարենցին ձերբակալել են, իսկ նրանց մորը՝ աքսորել Ղազախստան: Այսինքն՝ ոչ հորն են հիշում, ոչ մորը: Միայն կարդալով գործերը, ժամանակակիցների հուշերը կարդալով են ծանոթացել Չարենցի հետ:
Բնականաբար, մեր մեջ պապիկ-թոռնիկ հարաբերություններ չեն եղել, բայց ժառանգել եմ նրա արյունը: Ամեն օր կարդում եմ, ուսումնասիրում, նորովի բացահայտում, նաև թարգմանում եմ: Մեծ հպարտություն է Չարենցի թոռնուհին լինելը:
Նա հիշեց մի պատմություն, որ լսել է իր մայրիկից. «1945 թվականն է եղել, դեռ արդարացված չի եղել Չարենցը: Դպրոցում ուսուցչուհին մայրիկիս հանձնարարել է սովորել «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Այնուհետև հաճախ կանչել են ուսուցչանոց, որտեղ հավաքված են եղել ուսուցիչները, դուռը փակել, ֆիզկուլտուրայի ուսուցչին կանգնեցրել դրսից դռան մոտ, որպեսզի որևէ մեկը չմտնի, ու մայրիկս սկսել է արտասանել: Ամեն անգամ արտասանելիս նկատել է ու զարմացել, որ բոլորն արտասվում են: Միայն տարիներ հետո է հասկացել՝ թե ինչու»:
Այսօր իրենց տանը Չարենցին պատկանող մի քանի փոքր իր կա, հիմնական մասը նվիրել են Չարենցի տուն-թանգարանին: Գոհար Չարենցի համար թանկ է մի թաշկինակ, որը պատկանել է Կոմիտասին. «Ժամանակին Կոմիտասը նվիրել է իր աշակերտուհուն՝ Աղավնի Մեսրոպյանին: Երբ Չարենցը տեսել է Աղավնու մոտ, վերցրել է, սեղմել կրծքին, հուզվել: Նա պաշտում էր Կոմիտասին: Աղավնին խոստացել էր, որ կնվիրեր: Տարիներ շարունակ չի կարողացել հանձնել, հետո տվել է մայրիկիս»:
Հարցին, թե արդյո՞ք Չարենցն ամբողջությամբ բացահայտված է, բանասեր-թարգմանչուհին ասաց. «Եղել են գիտնականներ, չարենցագետներ, ովքեր ունեն ուսումնասիրություններ, բացահայտել են, բայց ամենօրյա բացահայտման կարիք ունի: Նույն աշխատանքն ամեն անգամ կարդալիս՝ նոր բան ես բացահայտում, նույն աշխատանքը տարբեր տարիքներում կարդալիս՝ նոր բան ես բացահայտում: Հույս ունեմ, որ մի օր ամբողջությամբ կբացահայտվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան