Իրանական ԶԼՄ-ները՝ Ադրբեջանում կրոնական գործիչների ձերբակալությունների նոր ալիքի մասին
Իլհամ Ալիևի վարած կրոնական քաղաքականության հետևանքով իսլամական գործիչների նկատմամբ շարունակվում են բռնություններ կիրառվել,-հաղորդում է իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրը, անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ երկրի շիաների նկատմամբ գործադրվող բռնաճնշումներին, տեղեկացնում է, որ Ադրբեջանի Աղջաբադի շրջանում մեկ տասնյակից ավել մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են «Ազանի կանչը (մուսուլմանների աղոթքի հրավեր) բարձրախոսներով տարածելու համար:
«ԱՆԱՋ»-ի փոխանցմամբ՝ վերջին օրերին երկու անձ էլ ձերբակալվել է կրոնական բովանդակությամբ երգեր երգելու համար: Ձերբակալվածները ներկայում գտնվում են Բինե Ղանդի բանտում:
Հիշեցնենք, որ իրանական ԶԼՄ-ներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ Աշուրայի սգո ծիսակարգի անցկացման օրերին Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից իրականացրած հատուկ գործողության արդյունքում դադարեցվել է կրոնական աքսեսուարներ վաճառող մի շարք խանութների գործունեությունը, ձերբակալվել է 5 անձ, որոնցից մեկը՝ Գյանջայում գործունեություն ծավալող կրոնական գործիչ Ազադ Ալիևն է: