«Տոսկա» օպերայի շնորհիվ այսօր լավ պրեմիերա կունենա մեր քաղաքը. Նաիրե Ստեփանյան
Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերայի պրեմիերան:
Պրեմիերայից առաջ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացման բեմադրող ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը նշեց, որ սա իր առաջին աշխատանքն է ազգային օպերայում. «Ներկայացումը բեմադրել եմ արդիական, ժանրերի խառնուրդներով: Շատ դինամիկ, գունեղ է և կարծում եմ մեծ հանրության համար հետաքրքիր կլինի: Յուրաքանչյուրն, ով կապ ունի այս օպերայի բեմադրման աշխատանքների հետ, զգացել եմ, թե ինչ մեծ աջակցություն են ցուցաբերել և այդ օրերին աշխատոմ ու ապրում էին այն մտքով, որ այսօր լավ պրեմիերա ունենա մեր քաղաքը»:
Նշենք, որ ներկայացումը նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին:
«Այս նախաձեռնությունը եղել է Գեղամ Գրիգորյանինը: Ցավալի է, որ այսօր Գեղամը չկա և մենք մեր պարտքն էինք համարում անպայման ավարտին հասցնել այս ներկայացումը»,-ընդգծեց թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:
«Շատ ուրախ և հպարտ է, որ աշխատել է այս ներկայացման վրա, հատկապես, որ այն նվիրված է մեծանուն Գեղամ Գրիգորյանին: Մենք բոլորս շատ լավ ենք աշխատել միասին այս ընթացքում և շատ լավ մթնոլորտում: Սա հրաշալի աշխատանք է բոլորիս համար»,-ասաց ներկայացման բեմադրող դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն:
Ռուսաստանի հրավիրված թատերական լուսային նկարիչ Ալեքսանդր Սիվաևն էլ հավելեց, որ շատ ուրախ է, որ այս աշխատանքի շրջանակներում այցելել է հյուրընկալ Հայաստան և օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. «Այս հրաշալի պրեմիերայի առթիվ ցանկանում եմ շնորհավորել և բեմի վրա, և բեմի հետևում գտնվողներին, ինչպես նաև հանդիսատեսին»:
Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերան հանդիսանում է աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենահաճախ բեմադրվող օպերաներից մեկը: Իտալերեն լիբրետոն՝ Լուիջի Իլիկայի և Ջուզեպե Ջակոզայի ըստ Վիկտորիեն Սարդուի նույնանուն պիեսի: Օպերայի առաջնախաղը կայացել է 1900 թ. հունվարի 14-ին Հռոմում: «Տոսկա» օպերան ավելի քան մեկ դար է ներկայացվում է աշխարհի հեղինակավոր թատրոններում՝ մշտապես մնալով ամենից սիրված օպերային ստեղծագործություններից մեկը: Առաջնախաղից քսան տարի անց «Տոսկան» արդեն ցուցադրվել էր 3000 անգամ: «Տոսկան» մեծ խանդավառությամբ ընդունվեց հատկապես Իտալիայում և ինչպես Պուչինին էր ակնկալում՝ հանդիսատեսը մեծապես սիրեց իր նոր ստեղծագործությունը: «Տոսկա» օպերան Վ. Սարդուն անվանեց հռոմեկան դրամա՝ խնդիր դնելով կոպոզիտորի առջև լավագույնս ներկայացնել այն ամենն ինչ կարտացոլեր հռոմեականը:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ պրեմիերա՝ Հայաստանի օպերային թատրոնում
- Պուչինիի «Տոսկա» օպերան կներկայացվի հայաստանյան բեմում
- Հայկական բեմում՝ «Տոսկա» օպերայի համերգային կատարումը Հասմիկ Պապյանի դերակատարությամբ