Երկու-երեք ամիսը բավական է, որ այդ սպասումները վերածենք աշխատանքային էներգիայի. Արսեն Ղազարյան
«Կառավարության ծրագրի մշակման ժամանակ մենք՝ որպես արդյունաբերողներ, գործարարներ նույնպես առաջարկներ ենք ներկայացրել, և այն ենթադրում է կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների փաթեթ»,- այս մասին Panroama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը հաստատեց վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը:
Արսեն Ղազարյանի խոսքերով՝ ծրագիրը նախատեսում է արմատական փոփոխություններ բոլոր ոլորտներում, բարձր նշաձող է դրված, ուստի հարկավոր է, որ կառավարության հետ համատեղ աշխատեն նաև տարբեր ոլորտների մասնագետները: «Հույս ունեմ, որ 100 օր հետո մենք կտեսնենք կառավարության նախանշած փոփոխությունների քայլերը՝ տնտեսությունում, հավասար մրցակցության դաշտում, ներդրումների ոլորտում», - ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք կարճ ժամանակահատվածում հնարավոր է հասնել նման արդյունքի, Արսեն Ղազարյանը նշեց, որ հնարավոր է. «Պետք է ստեղծել վիճակ, որ սկսենք հավատալ՝ ճիշտ ճանապարհով ենք գնում: Այո, կարճ ժամանակահատվածում հնարավոր է դնել առաջընթաց տանող քայլերի հիմքը»:
Ինչ վերաբերում է կառավարության նոր կազմին, Արսեն Ղազարյանը նկատեց, որ վստահություն են ներշնչում հատկապես որոշ նախարարների նշանակումները, որոնք, նրա գնահատմամբ, պրոֆեսիոնալ են իրենց գործում: «Հիմա աշխատելու ժամանակն է, գործարարները սպասում են և երկու-երեք ամիսը բավական է, որ այդ սպասումները վերածենք աշխատանքային էներգիայի»,- ընդգծեց Արսեն Ղազարյանը: