Դի Կապրիոն ֆիլմի նկարահանումների ժամանակ խեղդվելուց է փրկվել
Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն «հազիվ է փրկվել» «Մինչ ջրհեղեղը» վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ։ US Magazine-ին հղում անելով «Գազետա.ռու»-ն գրում է, որ այդ մասին պատմել է ռեժիսոր Ֆիշեր Սթիվենսը։
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 2010 թվականին Գալապագոսյան կղզիներ արշավի ժամանակ։ Դի Կապրիոն դայվինգի ժամանակ եղել է օվկիանոսագետ Սիլվիա Էրլի «զուգընկերը», իսկ Սթիվենսը՝ դերասան Էդվարդ Նորթոնի։
Սթիվենսը Դի Կապրիոյին հարցրել է ՝ համաձայն է արդյոք վերցնել փոքրիկ տեսախցիկն ու նկարահանել Էրլին, դերասանն էլ համաձայնել է։ Թիմը սուզվել է ջրում, սակայն 20 րոպե անց նա «կորցրել» է իր բոլոր գործընկերներին։
«Հետո տեսա, որ Լեոն հազիվ է շնչում, որովհետև թթվածնային բալոնից արտահոսք էր տեղի ունեցել»,- ասել է Սթիվենսը՝ հավելելով, որ Դի Կապրիոյին փրկել է Նորթոնը։
Ռեժիսորի խոսքով, չնայած այդ միջադեպին, դերասանը հասցրել է մի քանի կադր անել ֆիլմի համար։