Ակցիա՝ Ծառուկյանի վերադարձի պահանջով
Այսօր Առինջ գյուղում գտնվող գործարար, ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ մեծ թվով մարդիկ են հավաքվել՝ պահանջելով Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն:
Նրանք նույնիսկ պաստառներ են ունեցել՝ «Մենք պահանջում ենք ձեր վերադարձը» գրություններով: Ակցիայի ժամանակ, մարդկանց հետ եղել է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Իմ անձնական կարծիքով, հասարակության մի զգալի հատված պահանջում, ցանկանում է Գագիկ Ծառուկյանին տեսնել քաղաքականության մեջ: Այսօր Գագիկ Ծառուկյանի տան առջև բազմաթիվ մարդիկ էին հավաքվել՝ Հայաստանի տարբեր բնակավայրերից ու նույն պահանջը ձևակերպում էին հրապարակային՝ պաստառներով, վանկարկելով», -Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց պատգամավորը:
Ակցիան եղել է Ծառուկյանի տան առջևի մասում, և նրա խոսքով, մարդկանց քանակը այնքան շատ է եղել, որ մի պահ նույնիսկ փողոցն է փակվել:
Հարցին, թե ի՞նչ է կարծում կլսի՞ Ծառուկյանը մարդկանց, կվերադառնա՞ քաղաքականություն, Էնֆիաջյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ կլսի, բայց իր վերադարձի հետ կապված, ներքին համոզմունք ունեմ, որ անձամբ կորոշի՝ վերադառնա՞լ, թե ոչ»:
Հետաքրքրվեցինք, թե այդ կապակցությամբ ի՞նչ տրամադրություններ են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, ցանկանո՞ւմ են Ծառուկյանի վերադարձը, պատգամավորը պատասխանեց. «ԲՀԿ-ում բնականաբար, նման ցանկություն կա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան