Իրանական ԶԼՄ-ներն Ադրբեջանում ժողովրդական հուզումներ են կանխատեսում
Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ շիաների նկատմամբ բռնաճնշումներ են իրականացրել,-հաղորդում է իրանական «Քեյհան» օրաթերթը:
Իրանական աղբյուրն Ադրբեջանի կրոնական քաղաքականության վերաբերյալ մի հոդված է հրապարակել, որտեղ հոդվածի հեղինակ Սամադ Հասան Զադեն Ադրբեջանի իշխանությունների՝ շիաների նկատմամբ որդեգրած քաղաքականությունը նմանեցնում է Բահրեյնի իշխանությունների հետ՝ տալով «Ադրբեջան՝ ևս մեկ Բահրեյն» ձևակերպումը:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում անցկացված սահմանադրական հանրաքվեին, մասնավորապես նշում է. «Սահմանադրական փոփոխությունների հետ կապված Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացրած ոչ ժողովրդավարական քայլից հետո պարզ դարձավ, որ այդ երկրի սահմանադրությունը վերափոխվել է «ընտանեկան» սահմանադրության»:
Շարունակելով խոսքը՝ Սամադ Հասան Զադեն հավելել է. «Անկասկած ադրբեջանցի մտավորականների իրազեկվածության արդյունքում նոր ընդունված սահմանադրությունը ժողովրդական հուզումների և բողոքի ցույցերի առաջացման համար նպաստավոր պայմաններ կստեղծի»:
Պարսկալեզու «Ազարիհա.օրգ» կայքի հաղորդմամբ՝ իրանական «Ազերբայջան» օրաթերթը ևս անդրադարձել է Ադրբեջանի շիաներին՝ նշելով, որ տարիներ ի վեր Ադրբեջանի իշխանությունները տեղի շիաների նկատմամբ տարատեսակ բռնաճնշումներ են իրականացրել: