ԼՂՀ նախագահը՝ համանախագահներին. Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը և չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից:
Երկրի ղեկավարը կարևորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ու խախտումների վերհանմանն ուղղված մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը՝ այն համարելով խաղաղ գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ֆրանսիացի պաշտոնաթող համանախագահ Պիեռ Անդրիոյին` ազնիվ ու արդյունավետ աշխատանքի համար՝ նրան մաղթելով հաջողություններ կյանքում եւ հետագա աշխատանքում: