Ժողովուրդն ընդամենն ուզում է կուշտ ապրել. ԱԺ նախագահ
Ես այն մարդկանցից մեկն եմ, որ ընդմիշտ ու հավիտյան հույս ունեմ, որովհետև Հայաստանը պետություն է, պետք է միջազգային արենայում միշտ առաջ քայլի,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե հույս ունե՞ք, որ կառավարության ծրագիրը կյանքի կկոչվի:
Հարցին, թե վարչապետն ասում է, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ, հավատո՞ւմ եք, նա ասաց. «Ընդ որում ցանկացած կառավարություն՝ լինի Հայաստանում, թե դրսում, առաջին գործոններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: Մեզ համար նորություն է, որովհետև մեր ժողովուրդն անընդհատ խոսում է այդ մասին ու շատ լավ կլինի, որ ինչ-որ գործեր բացվեն, եթե դրանք իրոք կան:
Մենաշնորհը դա ցանկալի երևույթ է պետության համար, դա բոլոր պետություններում է այդպես: Բայց մենաշնորհը պետք է իրական լինի, ոչ թե այստեղ, այնտեղ ինչ-որ մի բան անելով դարձնում են մենաշնորհներ: Իհարկե, պետության մեջ ապրանքներ կան, որոնք մենաշնորհով պետք է գնան: Միայն Հայաստանում չէ: Խնդիրը ոչ թե մենաշնորհների դեմ պայքարն է, այլ այն, որ մենաշնորհները ճիշտ առաջանան»:
Հարցին, թե խնդիրը բնական մենաշնորհները չեն, այլ, օրինակ՝ շաքարի, բանանի, բենզինի մենաշնորհը, ԱԺ նախագահն ասաց. «Հայաստանը փոքր երկիր է և եթե նույնիսկ մենաշնորհ էլ լինի այդ ուղղությամբ, հնարավոր է, բայց ճիշտ ճանապարհով լինի»:
Ըստ ԱԺ նախագահի՝ Կարեն Կարապետյանն ունի և՛ ընդդիմության, և՛ իշխանության, և՛ հասարակության աջակցութան կարիքը:
«Ամբողջ ներկայացրած ծրագիրը հենց բխում է դրանից, որ այդ ամեն ինչը ինքը որպես նախաձեռնող գնում է, մնացածերը պետք է կարողանան օժանդակել: Որևէ երևույթ տվյալ պետության ներսում մեկ անձով, տաս, տասնհինգ անձով առաջ չի գնում, նաև հասարակությունը պետք է մասնակցի»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Նրա կարծիքով, առաջիկայում որոշակի արդյունքներ արդեն կտեսնեն:
Հարցին, թե արդյո՞ք Կարեն Կարապետյանը ժողովրդի երազած, ընդունելի վարչապետն է, ԱԺ նախագահն ասաց. «Ժողովուրդը սովորաբար վարչապետներ, Ազգային ժողովի նախագահներ չի երազում ունենալ: Ժողովուրդն ընդամենն ուզում է կուշտ ապրել, իր որդիներին, զավակներին լավ պայմաններում տեսնել: Սրա մասին է մեր ժողովրդի երազանքը, ոչ թե իմ կամ մեկ ուրիշի մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան