Գևորգ Գևորգյան. Հայաստանում այսօր կինոն կոմերցիա չէ
«Կինոթատրոններ գնացողների թիվը նվազել է: Համեմատած ավելի քիչ են գնում հայկական ֆիլմերի ցուցադրություններին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ նախկինում, եթե հայկական արտադրության ավելի պարզ, ժամանցային ֆիլմերի ցուցադրություններին հերթեր էին գոյանում, հիմա այդ կարգի ֆիլմեր էլ քիչ են գնում դիտելու:
Գևորգ Գևորգյանն ասաց, որ այսօր կինոն, դժբախտաբար, Հայաստանում կոմերցիա չէ:
«Կոմերցիոն դարձնելու առաջին ցուցանիշը ստեղծագործական, տեխնիկական որակն է, ինչ ֆիլմ ուզում ես նկարահանի, ինչ թեմայով ուզում ես նկարահանի, առաջին ցուցանիշը որակն է: Այսօր, ասում են, Հայաստանում առավել կոմերցիոն են ավելի թեթև սյուժեով, ժամանցային ֆիլմերը, որոնք իրենց սյուժեով, որակական չափանիշներով չեն համապատասխանում մեր կինոկենտրոնի նկարահանած ֆիլմերին, միջազգային արենայի, փառատոնային գործունեության համար թույլ են: Մենք ունենք բավականին լավ ֆիլմեր, որոնք տարբեր փառատոներում մրցանակների են արժանացել, բայց հայաստանյան կինոթատրոններում հինգ մարդ չի գնում այդ ֆիլմերը դիտելու:
Մի կողմից ասում ենք՝ չափանիշը որակն է, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ ունենք որակյալ ֆիլմերը, որոնք բիզնես չեն: Կինոն կոմերցիա դարձնելու համար բացի որակից պետք է մեջն այնպիսի էլեմենտներ կիրառել, որ գրավիչ լինի նաև այսօրվա հանդիսատեսին, այսօրվա պահանջներին: Դա շատ դժվար է: Բայց պետք է փորձենք կինոն կոմերցիա դարձնել, որովհետև հավերժ չենք կարող ֆիլմ նկարահանելու համար պետությունից գումար խնդրենք»,- ասաց կինոկենտրոնի տնօրենը:
Ըստ նրա, եթե կա արտադրանք, որի վրա գումար է ծախսվել, այդ ծախսն արդարացված է լինում, եթե կարողանում են այնպես անել, որ իրացնելու հնարավորություն էլ ստեղծվի. «Կան մարդիկ, պրոդյուսերներ, որոնք կարողանում են ներկայացնել այդ ֆիլմերը, տարածել, գովազդել, որ նաև կոմերցիա դառնա»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան