Բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ առաջին քրիստոնեկան երկիր. Սերժ Սարգսյանը՝ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազնին
«Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի բարեկամական և կառուցողական ոգով զարգացող դիվանագիտական հարաբերությունները տարիների պատմություն ունեն»,- ՀՀ նախագահի նստավայրում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հետ հանդիպումից հետո զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի խոսքով՝ այս պահին պատմական կամուրջ է ստեղծվում աշխարհի առաջին քրիստոնյա երկրի և հնագույն քրիստոնեական Մարտական Ուխտի միջև. «Խորհրդանշական է նաև այն, որ դեռևս խաչակիրների արշավանքների ժամանակաշրջանում Կիլիկիայի հայկական թագավորության և Մալթայի Ուխտի միջև գոյություն ունեցող սերտ քաղաքական և մշակութային կապերն այսօր նոր շունչ են ստանում: Ձերդ Վսեմության այցով մենք հավատում ենք, որ նոր որակ կհաղորդենք երկկողմ համագործակցությանը»:
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազնի և մեծ վարպետի հետ անկեղծ մթնոլորտում քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային իրադրության հետ կապված հարցեր. «Ես մեր խորին երախտագիտությունը հայտնեցի 1988թ. ավերիչ երկրաշարժի օրերին և մինչև օրս Մալթայի Մարտական Ուխտի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության համար, որը նշանակալի է, իհարկե աննկատ չի մնացել մեր կողմից»:
Հանրապետության նախագահը հայտնեց, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները բժշկական ծառայությունների մատուցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և դրա կամզակերպման հետ կապված հարցեր:
«Երկուստեք փաստեցինք, որ համագործակցության հետագա զարգացման համար մենք ունենք ամենակարևորը՝արժեքային հենք, որը թույլ է տալիս միանման մոտենալ խնդիրների լուծմանը: Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի պատմական ճանապարհը լի է մաքառումներով՝ հանուն քրիստոնյա ինքնության և արժեքների պահպանության, հանուն քրիստոնեական մշակույթի, հանուն մարդասիրության»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով՝ հանդիպման ընթացքում խոսել են նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա ամուր կապերի, Հռոմի Սրբազան Պապի կողմից 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին մատուցած պատարագի, Հռոմի Պապի Հայաստան կատարած այցի մասին:
ՀՀ Նախագահը շնորհակալություն հայտնեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազնին այդ պատարագին մասնակցելու համար:
«Անշուշտ խոսեցինք նաև Սիրիայում ստեղծված ողբերգական իրադրության մասին, որը վերածվել է հումանիտար աղետի: Մեծ ցավով փաստեցինք, թե ինչպիսի հալածանքների և կտտանքների են ենթարկվում այնտեղ քրիստոնյաները և ոչ միայն քրիստոնյաները: Ես հայտնեցի ՀՀ պատրաստակամությունն՝ իր ավանդը բերելու ցանկացած նախաձեռնության իրականացմանը, որն ինչ-որ կերպ կխոչընդոտի քրիստոնեկան ժառանգության ոչնչացմանը Մերձավոր Արևելքում:
Ձերդ Վսեմություն, կրկին բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ առաջին քրիստոնեկան երկիր, որտեղ մշտապես ուրախ ենք ընդունելու Հայաստանի պատվարժան հյուրերին»,-ավելեցրեց Հանրապետության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան