ՀՀ առաջնությանը չմասնակցող ազատ ոճի ըմբիշները չեն ընդգրկվի հավաքականի կազմում
Այսօր Երևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է մեծահասակների ազատ ոճի ըմբշամարտի 2016 թ. Հայաստանի առաջնությունը: 8 քաշային կարգում չեմպիոնի կոչման համար պայքարում են ազատ ոճի Հայաստնի բոլոր ուժեղագույն ըմբիշները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ազատ ոճի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն հայտնել է, որ ստուգատեսի անցկացումը նպատակ ունի կազմավորելու 2017 թ. մեր հավաքականը ու նաև ընտրելու այն երկու ըմբիշներին, որոնց կվստահվի Հայաստանի մարզական պատիվը պաշտպանել դեկտեմբերի 10-11-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելիք ոչ օլիմպիական քաշային կարգերի (61 կգ և 70 կգ) ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Հայաստանի առաջնությանը մասնակցում են «Ռիո-2016»-ի մասնակիցները՝ 125 կգ քաշային կարգում 5-րդ տեղը գրաված Լևան Բերիանիձեն, Գեորգի Կետոևն (97 կգ) ու 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը: Առաջնությանը չի մասնակցելու միայն 2012 և 2016 թթ օլիմպիական խաղերի մասնակից, 2013 թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ):
Մարզիչը նշել է, որ մարզչական խորհուրդը ուժեղագույն ըմբիշներից և ոչ մեկին չի ազատել առաջնությանը մասնակցելուց: Որոշում է կայացվել, որի համաձայն Հայաստանի առաջնությանը չմասնակցողները, անկախ իրենց ունեցած տիտղոսներից, չեն ընդգրկվի նոր կազմավորվելիք ազգային հավաքականի կազմում: Այս ամենը հաշվի առնելով` առաջնությունում բավական հետաքրքիր և թեժ մրցակցություն է սպասվում: Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 26-ին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում