Արթուր Ոսկանյան. «Հայկական թիմում հայ ֆուտբոլիստը պետք է կրի ավագի թևկապը»
Երևանի «Բանանց» ֆուտբոլային թիմի համար վատ շրջանը շարունակվում է: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին 3 տուրերում թիմը 3 անընդմեջ պարտություն է կրել և 12 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում:
«Բանանցի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի առջև խնդիր է դրված ունենալ թիմ, որտեղ մեծամասամբ հանդես կգան ակումբի ակադեմիայի սաները: Այս մասին նշել է Ոսկանյանը՝ թիմի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:
«Երբ ընդունեցի թիմը, բոլոր ֆուտբոլիստները կորցրել էին վստահությունը: Հիմա փոփոխությունն այն է, որ երիտասարդ խաղացողներով թարմ ավյուն ենք մտցնում: «Բանանցում» կան բազում լեգեոներներ, սակայն մեր խաղաոճով և խաղով շատ հետ ենք:
Առաջնային խնդիրն այն է, որ ունենանք հայկական թիմ, որտեղ կխաղան «Բանանցի» սաները: «Բանանցն» ունի լավագույն մարզադպրոցներից մեկը և մեկ-երկու լեգեոներ ունենալը մեր պարագայում արդեն շատ է: Արդյունքի հասնելու տեսանկյունից պետք է աշխատենք լինել առաջին հորիզոնականներում»,- ասել է Ոսկանյանը:
«Բանանցի» մարզիչը նշել է, որ Ստեփան Ղազարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից, իսկ Զավեն Բադոյանը հավաքականից ժամանել է ոչ լավագույն մարզավիճակում:
«Ստեփան Ղազարյանը վնասվածք ունի, դեռ չի մարզվում: Նրա բացակայությամբ «Փյունիկի» հետ խաղում Հակոբ Հակոբյանը, ով երկար տարիներ թիմում է և մեր լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից է, ստանձնեց ավագի պարտականությունները: Քաջալերելու համար թևկապը նրան տվեցինք: Հայկական թիմում հայ ֆուտբոլիստը պետք է լինի ավագը: Զավեն Բադոյանը լավ մարզավիճակում չեկավ հավաքականից: Կփորձենք մեր լավագույն ֆուտբոլիստներից մեկին դուրս բերել այդ իրավիճակից»,- նշել է երիտասարդ մասնագետը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում