Ռուբեն Ստեփանյան. Ռուս և բելառուս հոկեյիստներին Հայաստանի քաղաքացիություն տալուց հետո կարող են զորակոչել
Այսօր «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մուլտիմեդիոն մամուլի ասուլիս, որին Մինսկից մասնակցեցին «Արարատ» հոկեյի հայկական ակումբի ղեկավարությունն ու խաղացողները։
«Արարատ» ակումբը 2016-2017 թթ. խաղաշրջանում առաջին անգամ մասնակցում է Բելառուսի Հանրապետության հոկեյի բաց առաջնության բարձրագույն լիգային։ 2015-2016թթ.-ի խաղաշրջանում թիմը հանդես է եկել պատանեկան լիգայում և 11 թիմի շարքում զբաղեցրել 6-րդ տեղը։ Այս խաղաշրջանում «Արարատը» ելույթ է ունենում մեծահասակների առաջնությունում և այս պահին ընթանում է 5-րդ տեղում է։
«Արարատ» հոկեյի ակումբի տնօրեն Ռուբեն Ստեփանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ իրենց նպատակն է աշխարհին պատմել հայկական արմատներ ունեցող հոկեյի ակումբի մասին:
«Բոլորիս նպատակն էլ մեկն է. ուզում ենք, որ Հայաստանում հոկեյ մարզաձևը զարգանա, սակայն դա դժվար է պատկերացել միայն մեկ ակումբով: Մեր նպատակն է աշխարհին պատմել հայկական արմատներ ունեցող հոկեյի ակումբի մասին, և որ հոկեյ խաղում են իսկական հայերը։ Նպատակ ունենք «Արարատ» թիմը հանել միջազգային ասպարեզ, բայց դեռ չենք կարող ներկայացնել Հայաստանը, հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և մասնակցել միջազգային մրցաշարերի, քանի որ թիմի խաղացողները չունեն հայկական անձնագրեր։ Տղաները պատրաստ են ներկայացնել Հայաստանը, խաղալ Հայաստանի համար և բարձր պահել Հայաստանի անունը միջազգային մրցաշարերում, բայց անձնագրերի հարցը խոչընդոտում է մեր գործունեությանը»,- ասաց Ստեփանյանը:
«Արարատի» տնօրենը փաստեց, որ այդ առիթով դիմել են դեսպանատուն, քննարկել են այդ հարցը պաշտոնյա անձանց հետ: Ռուբեն Ստեփանյանն այս հարցով խոսել է նաև Յուրի Վարդանյանի հետ, երբ նա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն էր:
«Յուրի Վարդանյանն ինձ ասաց, որ քաղաքացիության հետ կապված հարցելում զգույշ լինենք, քանի որ մտավախություն կա, որ ռուս և բելառուս հոկեյիստներին Հայաստանի քաղաքացիություն տալուց հետո կարող էին զորակոչել պարտադիր զինվորական ծառայության: Քննարկումների մեջ է այս խնդիրը: Նախընտրելի է, որ մեր մարզիկներին տան երկքաղաքացիություն, որպեսզի կարողանանք թիմին հայտավորել միջազգային մրցաշարերի։ Այսպես մենք հնարավորություն կունենանք հետագայում մասնակցել նաև օլիմպիական վարկանշային մրցաշարերի»,- նշեց Ստեփանյանը։
Տնօրենը նաև հույս հայտնեց, որ հայկական կողմը ևս հետաքրքրություն կցուցաբերի այս մարզաձևի զարգացման հարցում, քանի որ իրենց ֆինանսական բյուջեն այնքան մեծ չէ և իրենք ևս ունենք աջակցության կարիք: Ստեփանյանը նշեց, որ «Արարատում» հանդես եկող հոկեյիստների մեծ մասը ցանկանում է գալ Հայաստան, տեսնել սրբազան Արարատը, որի անվամբ թիմում իրենք հանդես են գալիս:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում