Նախագահների դրսևորած քաղաքական կամքով կկարողանանք առաջընթաց ունենալ. Համանախագահ
Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է իր երազանքը.
«Իմ երազանքը ու կարծում եմ՝ նաև բոլոր հայերի ու ադրբեջանցիների երազանքն այն է, որ ժողովուրդները կարողանան միմյանց հետ կողք կողքի խաղաղ ու անվտանգ ապրեն: Ես կարող եմ ձեզ հիշեցնել, որ եղել են ժամանակներ, երբ հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրել են։ Երիտասարդ հայերի ու ադրբեջանցիների սերունդը դա չի տեսել»:
Նա ասաց, որ որպես միջնորդներ, իրենց ջանքերն ուղղված են խաղաղության ապահովմանը, քանի որ «տարածաշրջանի ժողովուրդը աժանի է, որ ապրեն խաղաղության մեջ»:
«Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում կտեսնենք ավելի շատ նախաձեռնություններ մարդկային շփումների համատեքստում և կտեսնենք հայեր ու ադրբեջանցիներ, ովքեր կողք կողքի ապրում են», -նկատեց Ուորլիքը:
Հայաստանցի լրագրողը դիվանագետին ասաց, որ ավելի հասկանալի կլիներ, եթե ավելի հասցեական լինեին հայտարարությունները ապրիլյան պատերազմի վերաբերյալ՝ քննադատելով այն հրահրող կողմին: Ուորլիքն ի պատասխան, ասաց, որ ապրիլին կատարվածը «իրական ողբերգություն էր, որը շատ կյանքեր խլեց»:
Դիվանագետի խոսքով, ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունը կարևոր է:
«Ապրիլից հետո ստեղծված հանգիստ իրավիճակը կարևոր հիմք է հանդիսանում այնպիսի բանակցությունների համար, որոնց մենք փորձում ենք ձեռնամուխ լինել: Մենք կարծում ենք, որ հարգանքը հրադադարի նկատմամբ ու այս համեմատական անդորրը կշարունակվեն», -նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը:
Նա ասաց, որ ԱՄՆ-ն և Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները պատրաստ են առաջ շարժվել ու հավատացած են, որ կա հնարավորություն առաջ գնալու:
«Ես Բաքվում ասացի՝ եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: Կան գաղափարներ, կան առաջարկներ, որոնք այժմ սեղանի վրա են, և մենք կարող ենք դրանց շուրջ աշխատել, դրանք զարգացնել: Ի՞նչ ենք մենք ուզում: Մենք ուզում ենք տեսնել քաղաքական կամք նախագահների կողմից, որպեսզի հանձնառություն ստանձնեն առաջ շարժվել այս բանակցություններում: Վստահ եմ, որ նախագահների դրսևորած քաղաքական կամքով մենք կկարողանանք առաջընթաց ունենալ», -ասաց Ուորլիքը:
Նա հորդորեց կարգավորման տարրերը դիտարկել միասին և ոչ թե առանձնացնել ու քննարկել համատեքստից դուրս:
«Եթե շրջակա տարածքների վերադարձի մասին խնդիր կա, ապա պետք է նաև քննարկում լինի անկեղծ, շիտակ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Մենք պետք է խոսենք փախստականների, ներքին տեղահանվածների վերադարձի մասին: Մենք պետք է շիտակ խոսենք միջազգային խաղաղապահ ուժերի կազմի, մանդատի մասին:
Սրանք բոլորը այն տարրերն են, որոնք համապարփակ լուծման բաղադրիչներն են հանդիսանում, և կողմերից ոչ մեկը չի կարող վերցնել այն տարրը, որն իր համար նպաստավոր կամ ձեռնտու է: Սա փաթեթ է: Ոչ մի բան չի կարող լուծվել, եթե բոլոր հարցերի շուրջ լուծում չկա: Այս բոլոր խնդիրները պետք է բաց լինեն քննարկման համար», -ներկայացրեց Ուորլիքը:
Հարակից հրապարակումներ`
- Ուորլիքը ներկայացրել է իրենց տարածաշրջանային այցի նպատակները
- Ապրիլից հետո հրադադարի նկատմամբ ընդհանուր առմամբ հարգանք կա. Ջեյմս Ուորլիք
- Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը
- Քյարամ Սլոյանի հայրը երկու օրից Արցախ է մեկնելու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին