Հակոբ Ավագյան. Ես չեմ ուզում տեսնել վարչապետ, ով բիզնես օմբուդսմենի դեր է ստանձնում
Կառավարության ծրագրում չենք տեսնում կոնկրետ քայլեր, թե ինչ ենք անելու, որ արտադրողի կյանքը հեշտանա: Նման կարծիք հայտնեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը Մեդիա Կենտրոնում «Կառավարության ծրագիրը և ՀՀ տնտեսական մարտահրավերները. դեկլարատիվ դրույթնե՞ր, թե՞ հստակ քայլեր» թեմայով քննարկման ժամանակ:
«Ծրագիրը ես համարում եմ ծրագիր ծրագրի համար: Օրինակ, ներկա և նախորդ վարչապետերը հայտարարում են՝ ով ինչ ցանկանում է, կարող է ներմուծել: Ինձ համար անընդունելի է, որ վարչապետն ասում է, խնդիր լինի կզանգեք ինձ: Ես չեմ ուզում տեսնել վարչապետ, ով բիզնես օմբուդսմենի դեր է ստանձնում»,-կարծիքն այսպես ձևակերպես բանախոսը:
Նա այս առումով կարևորում է նման ինստիտուտի կայացումը, որպեսզի նման խնդիրների լուծումն անձերով պայմանավորված չլինի:
Հ. Ավագյանը նշեց, որ չի ապահովվել հանձնում-ընդունումը նախկին ու ներկա կառավարությունների միջև, որպես օրինակ, ներկայացրեց, տարբեր հարցերի վերաբերյալ կառավարության արձագանքները:
«Ասում են՝ վերլուծություն կանենք, այն պարագայում, երբ նույն հարցի շուրջ բազմաթիվ վերլուծություններ կան: Մասնավորապես, բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման համար Եվրոպական բանկի մասնագետներ էին եկել, չորս տարուց ավելի մենք խոսում ենք այդ մասին»,-ասաց նա:
Ավագյանի դիտարկմամբ, ՓՄՁ-ի զարգացման վերաբերյալ կառավարության ծրագրում ընդհանուր դրույթներ են ներառված, մինչդեռ պետք է գնալ հստակ խնդիրների հետևից: Օրինակ, մի քանի տարի շարունակ ՓՄՁ-ների 60 տոկոսը զբաղված է առևտրով, վերլուծություն կա նաև պատճառների մասին:
«Պետք է գնալ սրա հետևից»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսագետ. Այնքան սուբսիդիա բառ կա այդ տեքստում, որ մարդ վախենում է
- Գնահատում ենք այն «շտանգան», որը պետք է բարձրացնենք. Կարեն Կարապետյան
- Կառավարության ծրագիրն ընդունվեց