Ինչ գրքեր են սպասվում «Անտարես»-ից և «Էդիթ Պրինտ»-ից
«Անտարես» հրատարակչությունը մինչև տարեվերջ ավարտին կհասցնի այս տարվա ընթացքում պլանավորած ծրագրերը,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Անտարես»-ի գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:
Նա տեղեկացրեց, որ լույս կտեսնեն Հերման Հեսսեի «Հուլունքախաղը» վեպը՝ գերմաներենից Արա Առաքելյանի թարգմանությամբ, Նոդար Դումբաձեի «Հավերժության օրենքը» և «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վիպակները մեկ գրքով՝ վրացերենից Հրաչյա Բայրամյանի թարգմանությամբ:
«Թարգմանական գրքերից կառանձնացնեմ նաև Իոսիֆ Բրոդսկու էսսեների ժողովածուն՝ Լեոնիդ Զիլֆուղարյանի թարգմանությամբ: Լույս կտեսնեն նաև երիտասարդ արձակագիր Լևոն Շահնուրի «Ճանապարհորդություն. Սիրուց առաջ» վեպը, ժամանակակից բանաստեղծներ Ավագ Եփրեմյանի և Էդուարդ Հարենցի նոր ժողովածուները:
Ստեղծել ենք «Հետահայաց» մատենաշար, որի նպատակն է ներկայացնել հայ գրականության այն գործերը, որոնք տարբեր պատճառներով լայն չեն շրջանառվել կամ այնքան էլ հայտնի չեն: Մինչև տարեվերջ այդ մատենաշարով լույս կտեսնի Մկրտիչ Արմենի «Երևան» վեպը: «Եղեռնազոհ գրողներ» մատենաշարով լույս կտեսնի Արտաշես Հարությունյանի ընտրանին: Եվ այլն, և այլն: Շատ են գրքերը»,- ասաց նա:
Ա.Նիկողոսյանի խոսքով՝ տարեկան մոտ 150 գիրք են հրատարակում:
«Գրքերը ընտրվում են մեր հրատարակչական քաղաքականությանը, այն է՝ լրացնել հայ թարգմանական դաշտի բացերը, հրատարակել ու հանրահռչակել ժամանակակակից հայ լավագույն գրողներին»,- նշեց «Անտարես»-ի գլխավոր խմբագիրը:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության նախագահ Մկրտիչ Կարապետյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին լույս կտեսնի պարսկական հեքիաթների չորրորդ հատորը՝ հայերեն թարգմանությամբ: ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ շուտով լույս կտեսնի «Իմաստության արկղիկ» չինական առակների գիրքը, որն անվճար բաժանվելու է Հայաստանի բոլոր դպրոցներին (2-ական օրինակ), տրվելու է գրադարաններին, լինելու է նաև վաճառքում:
Մ. Կարապետյանը տեղեկացրեց, որ նոր շարք են սկսում՝ լույս է տեսնելու համաշխարհային հեքիաթներ (Հանս Քրիստիան Անդերսեն, Օսկար Ուալյդ, Շառլ Պերոն) երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն, հայերեն և ռուսերեն: Այս շարքը շարունակվելու է: Լույս է տեսնելու Էդուարդ Խաչիկյանի երկու գիրք, «Կայարան» հերթական հանդեսը (ժամանակակից գրողների ժողովածու է), Հենրիկ Սենկևիչի «Յո՞ երթաս», «Առանց դավանանքի» գործեր՝ խմբագրված տարբերակներով:
Նա ասաց, որ գրքերն ընտրում են հեղինակների հետ միասին քննարկումների արդյունքում, հետևում են շուկային, գրադարանների պահանջարկին, ինչպես նաև նոր գործեր են հրատարակում: «Էդիթ Պրինտ»-ը տարեկան 300 անուն գիրք է հրատարակում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին