«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Նոյեմբերի 12–13-ը Ծաղկաձորում կանցկացվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ աշխարհի առաջնությունն անցկացվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։
«Անցյալ տարի Հայաստանը նվաճեց իրավունքը անցկացնել առաջնությունը մեր երկրում: Գաղտնիք չէ, որ ինտելեկտուալ շարժումը Հայաստանում մեծ արմատներ ունի և այդ խորը արմատները Հայաստանում դեռևս 80-ականներից են գալիս: Հայ գիտակները պատվով հանդես են եկել և ԱՊՀ, և համաշխարհային շրջանակներում: Այս ասպարեզում Հայաստանի ինտելեկտուալ ճանաչման տրամաբանական շարունակությունն է աշխարհի առաջնության կազմակերպումը վերապահելու պատիվը: Մենք մեկ տարի է ինչ կազմկոմիտեով աշխատում ենք, համագործակցում ենք Հայաստանի գիտակների ասոցիացիայի հետ»,-նշեց Աշոտյանը:
Նրա կարծիքով՝ աշխարհի առաջնության անցկացումը Հայաստանում, մի քանի նպատակ հետապնդելով՝ հաջողությամբ կպսակվի. «Այս առաջնությունը նախ և առաջ ևս մեկ անգամ ֆիքսելու է մեր երկրի դիրքը ինտելեկտուալ շարժման համաշխարհային քարտեզում` հնարավորություն տալով հայ գիտակներին շփվելու աշխարհի լավագույն խաղաղացողների հետ և, իհարկե, զարկ է տալու Հայաստանի ներսում ինտելեկտի գնահատմանը: Առաջնությունը Հայաստանին ավելի ճանաչելի կդարձնի նաև զբոսաշրջային տեսակետից»:
«Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանն էլ հայտնեց, որ առաջնությանը կմասնակցի շուրջ 56 թիմ՝ աշխարհի 24 երկրներից՝ ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաև նախկին խորհրդային միության համարյա բոլոր երկրների ներկայացուցիչները, կժամանի մոտ 400 գիտակ:
«Հայկական հինգ թիմ կներկայանա առաջնությանը, ընտրվել են Հայաստանի ուժեղագույն թիմերը: Ունենք բավականին ներկայանալի կազմ»,-ասաց Տիգրան Քոչարյանը:
Առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոտյանը հավելեց, որ իրենք հրավիրել են նաև Ադրբեջանի թիմերին՝ երաշխավորելով նրանց անվտանգությունը. «Թեպետ նման կարիք երբևէ չենք ունեցել երաշխավորելու, քանի որ այդ հարցում մենք շահեկան դիրքում ենք: Պաշտոնական կարգով ծանուցել ենք, նրանք հրաժարվել են մասնակցությունից: Նշեմ, որ երբ առաջնությունն անց էր կացվում Ադրբեջանում, նրանք մերոնց չէին հրավիրել»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան