Ալեքսեյ Միլլեր. «Հայաստանն ունի գազաֆիկացման բարձր մակարդակ՝ 96 տոկոս»
Վարչապետ Կարեն Կարապետյանն ու «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այսօր քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ Կարեն Կարապետյանն նշել է, որ «Գազպրոմ»-ը Հայաստանում ունի ամենախոշոր ներդրումային փաթեթը:
Ալեքսեյ Միլլերն ընդգծել է, որ Հայաստանն ունի գազաֆիկացման բարձր մակարդակ՝ 96 տոկոս, գազամատակարարման հուսալի համակարգ, և վստահեցրել, որ «Գազպրոմ»-ն այսուհետ ևս պատրաստ է Հայաստանում իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները:
Նշելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության դիվերսիֆիկացված առանձնահատկությունը՝ Ա. Միլլերը կարևորել է նաև Հրազդանի ՋէԿ-ի 5-րդ էներգաբլոկի և Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի հետագա շահագործման արդյունավետությունը:
Ընդգծելով «Գազպրոմ»-ի գործունեության սոցիալական պատասխանատվության բաղադրիչը՝ Ա. Միլլերը նշել է, որ ընթացքի մեջ է բազմաֆունկցիոնալ հնարավորություններով ուսումնամարզական համալիրի շինարարությունը, որը «Գազպրոմ»-ի ներդրումն է Հայաստանի Հանրապետության երիտասարդ սերնդի ապագայի համար:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կարեն Կարապետյանը «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Լուսանկարները՝ կառավարության պաշտոնական կայքից: