Հայ կոմպոզիտորները Չինաստանում ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություններ
Հայաստանի կոմպոզիտորների միությունն, առաջնային համարելով հայ պրոֆեսիոնալ երաժշտության ավանդների պահպանման, զարգացման ու տարածման խնդիրը, ակտիվորեն աշխատում է համաշխարհային մշակութային դաշտում ինտեգրվելու ուղղությամբ` ամրապնդելով և ընդլայնելով տարբեր երկրների հետ գործնական մասնագիտական համագործակցության շրջանակները:
Կոմպոզիտորների միությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ «Համագործակցություն» նախագծի շրջանակներում այս ամսվա ընթացքում հայ պատվիրակությունը՝ ի դեմս ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի, ՀԿՄ աշխատակազմի ղեկավար Սվետլանա Ալեքսանյանի և ՀԿՄ արտասահմանյան կապերի հանձնախմբի ղեկավար Լևոն Չաուշյանի, մեկնել էր Չինաստան` պատասխան համերգին մասնակցելու, որի ժամանակ հնչել էին երկու երկրների կոմպոզիտորների ստեղծագործությունները չինացի երաժիշտների կատարմամբ:
Պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ էր ունեցել Պեկինում` ՉԺՀ-ի Երաժիշտների ասոցիացիայի ղեկավար պարոն Խան Քսինյանի հետ, ՉԺՀ-ի ժողվրդական հրատարակչության ղեկավար տիկին Մո Յունհյուի և Խանջոյի կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար պարոն ՋիուՀուա Յանգի հետ: Հանդիպումներին ձեռք էր բերվել ապագա համագործակցության նոր հնարավորությունների նախնական պայմանավորվածություններ: Խանջոյի նորաբաց կոնսերվատորիայի 800 հոգանոց լեփ-լեցուն դահլիճում հավաքված ունկնդիրը մեծ հետաքրքրությամբ և ջերմորեն էր ընդունել հայ երաժշտությունը:
Միությունից նաև հայտնում են, որ այս հանդիպումը, ըստ էության, հետխորհրդային շրջանում հայ կոմպոզիտորների առաջին պաշտոնական այցն էր Չինաստան:
Հիշեցնենք, որ Համագործակցություն» նախագծի շրջանակներում այս տարվա հուլիսին Հայաստանի Կոմպոզիտորների միությունը հյուրընկալել էր չինացի գործընկերներին, կայացել էր Հայ-Չինական ժամանակակից երաժշտության փառատոնը:
Լուսանկարները՝ Կոմպոզիտորների միության կայքից: