Արցախում վիրավորված Հայկ Համբարձումյանը սկսել է քայլել
Հոկտեմբերի 7-ին Արցախում ծանր վիրավորված Հայկ Համբարձումյանի առողջական վիճակը համեմատաբար լավ է, արդեն սկսել է քայլել: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկի մորեղբայրը՝ Ռաֆիկ Զարոյանը, առաջիկա օրերին Հայկին վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն հիվանդասենյակ:
«Ինքնուրույն կարողացել է նստել, քայլել, նախատեսվում էր, որ երկրորդ անգամ կվիրահատեն, սակայն բժիշկները գտնում են, որ արդեն դրա կարիքը չկա»,- նշեց զինվորի մորեղբայրը՝ հավելելով, որ Հայկը դեռ ջերմություն ունի, օրգանիզմում ավելորդ հեղուկի կուտակում կա, որը դեղորայքի միջոցով աստիճանաբար կներծծվի:
«Փոքր քայլերով առաջ ենք գնում, փառք Աստծո, որ Հայկն այսօր մեր կողքին է: Նա շրջապատված է ոչ միայն հարազատների, նաև բժիշկների հոգատարությամբ: Նույնիսկ Արցախում Հայկին վիրահատած բժիշկը՝ Սամվել Գևորգյանն է այցելել հոսպիտալ, հետաքրքրվել Հայկի առողջական վիճակով, բուժման ընթացքով»,- ասաց Ռաֆիկ Զարոյանը:
Հիշեցնենք, որ Հայկ Համբարձումյանը վիրավորվել էր հոկտեմբերի 7-ին՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից: Վնասվել էին նրա թոքը, լյարդը: Ստեփանակերտում որովայնի և կրծքավանդակի վիրահատության ենթարկվելուց հետո հոկտեմբերի 10-ին Հայկն ուղղաթիռով տեղափոխվել էր ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
Նշենք, որ Հայկն ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է առաջին գծում, հունվարին պետք է ավարտեր ծառայությունը:
Հարակից հրապարակումներ`
- Վիրավոր զինվորը սկսել է խոսել, սնվել և արդեն ցանկանում է վերադառնալ ծառայության
- Ստեփանակերտից ուղղաթիռով Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը կայուն ծանր է
- Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան