Շվեդիայի ազգային թանգարանը հրապարակել է 3000 կտավ՝ բարձր թողտվությամբ
Շվեդիայի ազգային թանգարանն անվճար ներբեռնման համար հասանելի է դարձրել իր հավաքածուի երեք հազար ամենահանրաճանաչ նմուշները՝ բարձր թողտվությամբ: Այս՝ բարձր որակով նկարները հասանելի են Վիքիպահեստում: Դրանք նաև ավելացվելու են թանգարանի առցանց տեղեկատավական բազայում:
Այս մասին տեղեկանում ենք artchive.ru կայքից:
Մինչև 2017 թվականը պատկերասրահը փակ է, վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Որպեսզի ցանկացողները հնարավորություն ունենան հիանալ արվեստի գործերով, նախորդ տարի թանգարանը Wikimedia-ի հետ համատեղ նախագիծ է իրականացրել, ինչի արդյունքում էլ շուրջ 3000 նկար դարձել է հասանելի բոլորին:
«Թվայնացման նախագիծը կարևոր քայլ է, հնարավորություն է տալիս Ազգային թանգարանի հավաքածուն դարձնել ավելի հասանելի»,- ասել են թանգարանի մամուլի ծառայությունից:
Թանգարանի տնօրենի խոսքով՝ ձգտում են այսպես նաև պրոպագանդել արվեստը, մեծացնել հետաքրքրությունն արվեստի, պատմության նկատմամբ:
«Հատկապես ուզում ենք ընդգծել, որ այս ստեղծագործությունները պատկանում են բոլորին, կարևոր չէ, ինչպես են դրանք օգտագործվում: Հույս ունենք, որ բաց հավաքածուն կներշնչի այդ աշխատանքները ստեղծագործական նոր օգտագործման և մեկնաբանությունների համար»,- ասել է նա: