Արվեստագետները՝ Երևանի այսօրվա արտաքին տեսքի մասին
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բետոնը սվաղից չտարբերող մարդը էդքան խիզախություն ունեցավ, որ, օրինակ, Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ (1924-1938) Նիկողայոս Բունիաթյանի կառուցած շենքը, որը նախագծված և իրականացված էր սպիտակ սվաղով, ներկեց, շատ ներողություն՝ քաքի գույն: Հիմա էլ հպարտությամբ պատմում է:
Կամ Սամվել Սաֆարյանի նախագծած և կառուցած բժշկական համալսարանի շենքը և հարյուրավոր ուրիշ օրինակներ: Ընդ որում, եթե առաջ անում էին միգուցե պարզ և պրիմիտիվ միջոցներով, բայց որակով, սրանց շփթփ թրքական զամազկով ու անորակ ներկով լղոզածը արդեն փչանում է համատարած, մի քանի տարի է անցել ընդամենը: Ներկելուց էլ չէին նայում՝ քար է, «բետոն» է, հանգույց է, կար է՝ սաղ խառը ու ծուռ-մուռ։
Իսկ էս կարդալուց զգացի, որ մազերս բիզբիզ են ու սիրտս արագ խփում է․ «Ասեմ, որ մտահղացում կա, որ Երևանը ունենա իր ծաղիկը, իր բույրը։ Օրինակ, երբ զբոսաշրջիկները քայլելիս զգան այդ հոտը, հետո իրենց երկրում լինեն, քայլեն իրենց քաղաքում, զգան այդպիսի կամ նմանատիպ հոտ, մի անգամից հիշեն Երևանը»»:
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն այսօրվա Երևանը համեմատում է մի կնոջ հետ, ում դեմքը պլաստիկ վիրահատության են ենթարկել ու հիմա նա նույնիսկ հարազատների համար է դարձել անճանաչելի:
«Դիմագծերը կարծես թե համաչափ են, սակայն անհետացել է նախկին հմայքը, յուրօրինակ ոգին, բացառիկ ինքնատիպությունը: Նորացող քաղաքը պարզապես վերածվել է խայտաբղետ շինությունների հավաքատեղիի՝ անկանոն, թափթփված, անճաշակ կառույցների խորդանոցի»,-Panorama.am-ի հետ զրույցում խոսելով Երևանի այսօրվա արտաքին տեսքի մասին, ասաց գրականագետը:
Ըստ նրա՝ մի չարամիտ հետևողականությամբ դեռ շարունակվում է նրա դիմազրկման դիտավորությունը՝ այս անգամ էլ զանազան «նորամուծությունների», տգեղն ավելի տգեղացնելու, վատը վատթարագույն դարձնելու մոլագարությամբ:
«Ներկվում են խարխլված պատերը, փողոցները հեղեղվում են տձև դիզայներական իրերով, ծաղկային ու բուսական ինչ-որ սարսափազդու համադրություններով ու թվում է՝ ոչ թե քայլում ես քո սիրելի քաղաքում, այլ ընկել ես արևելյան մի փնթի շուկա, որտեղ էժանագին հնոտի ու կահկարասի են վաճառքի հանել: Բուն Երևանից սոսկ փշրանքներ են մնացել և դրանք էլ շուտով կուլ կգնան կեղծ շքեղության ու դատարկ բովանդակության երդվյալ ջատագովների «գեղագիտական» դատարկամտությանը: Քաղաքը դարձել է ծերացած տիկին, որ անհավանական գռեհկացման աստիճան շպարվում է՝ փորձելով ետ բերել իր երիտասարդությունը, բայց դրանից դառնում է շատ ավելի վանող ու տհաճ»,- ասաց Հովիկ Չարխչյանը:
ՀՀ վաստակավոր նկարիչ, 1977-1989 թթ.՝ Երևանի գլխավոր նկարչ Հաղթանակ Շահումյանն այս ասպարեզում սրտացավություն չի տեսնում:
«Դիզայնի խնդրում Երևանը շատ վատ է հիմա: Անցեք Մաշտոցի պողոտայով ու նայեք շենքերի ճակատների, խանութների ռեկլամները, էլ չասեմ լեզվի մասին: Չգիտեմ ՝ ինչն է պատճառը: Երևանում հայտնվել են շատ գավառական բաներ: Ըստ երևույթին փող աշխատելու, ցածր գեղագիտական ունակությունների արդյունք է»,- ասաց նկարիչը:
Հաղթանակ Շահումյանը հիշեց երաժշտական ուսումնարանի շենքի վրա արված երաժշտական էլեմենտները. «Ճարտարապետությունը նման բաներ չի մարսում, չի կարելի: Կամ՝ քաղաքապետարանի դիմացի պուրակում դրված են լուսամփոփի նման ռեկլամները, որոնք անհարիր են մեր քաղաքի համար, կարող է արաբական մի երկրում լավ նայվեն, բայց մեզ մոտ չի կարելի նման բաներ անել»:
«Մերոնք գնում են արաբական երկրներ, ԱՄՆ, մի բան տեսնում են ու բերում լցնում մեր ամբողջ քաղաքը: Ժամանակին Երևանում ամեն մի էլեմենտ դնելը լուրջ քննարկումների նյութ էր դառնում»,- ասաց արվեստագետը:
Հաղթանակ Շահումյանին նաև զայրացրել է այն, որ Երևանի բրենդը ստեղծելու համար արտասահմանից են մարդիկ հրավիրել:
«Ուրեմն մենք ավելի լավ չգիտե՞նք մեր իրականութունը: Այդ ի՞նչ է պատահել մեր դիզայներներին, ճարտարապետներին, նկարիչներին, ովքեր հիանալի որակներ ունեն, գնում են ուրիշ տեղինն են կյանք տալիս: Մենք մերը չունենք՝ դրսից պետք է հրավիրե՞նք, մի՞թե ավելի վատ կարող ենք զգալ, հասկանալ, թե մեզ ինչ է հարկավոր: Ուղղակի այդ բառը դրել են… Ի՞նչ է բրենդը: Խորհրդանիշն է, չէ: Բրենդ ասելով, իբրև թե նոր բան են բերում գցեն մեր միջավայր՝ չի կարելի»,- ասաց ՀՀ վաստակավոր նկարիչը:
Հարակից հրապարակումներ`
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- «Հին Երևան»-ում ընթանում են հողային աշխատանքներ՝ ի հեճուկս հանրային կարծիքի
- Ջրենք առվույտ ու տույա
- Քարմեջ արված Հին Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին